Այսօր խորհրդարանի նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հարցադրում արեց` եթե իշխանությունը օրենքի պետության մեջ ապրելու քաղաքացու իրավունքը իրականացնում է, եթե դատարանները արդար են գործելու, ինչո՞ւ ենք պատրաստվում խժդժություններին, զանգվածային անկարգություններին: Նա կոչ արեց իշխանությանը՝ այս օրենքը բերելու և սրանով ընտրություններին պատրաստվելու փոխարեն լավ կլիներ պատրաստվեր ընտրություններին՝ այն առումով, որ ապահովեր ՀՀ քաղաքացիների չընդվզելու ցանկությունը:
«Ի՞նչ է ուզում ասել իշխանությունը: Ուզում է ասել`տես, հա, ժողովուրդ, եթե փորձես քո հացի խնդիրը, քո իրավունքի խնդիրը բարձրացնել, ընդվզման մասին խոսել, այ, սենց բանակը բերելու եմ և ԶՈՒ-ն հանեմ քո դեմ: 2008-ին, աչքովս եմ տեսել, հայր ու որդի հակառակ բանակներում էին: Ի՞նչ ենք անում մենք: Շատ վատ հոտ է գալիս այս օրենքից, այս 24 ժամվա ռեժիմից»,- հայտարարեց Ա. Բախշյանը:










































