Հայ-իսրայելական սերտ հարաբերություններ գոյություն չունեն և չեն էլ կարող ունենալ. այնպես որ, եթե Իսրայելը որոշել է Ադրբեջանին 1,6 մլրդ դոլարի անօդաչու ինքնաթիռներ, ինչպես նաև հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգեր վաճառել, զարմանալի չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Իգոր Մուրադյանը:
«Եթե ինչ-որ մեկը երբեմն հայտարարություններ է անում, պատվիրակություններ են գնում կամ գալիս, սա դեռևս չի նշանակում, որ Իսրայելը հետաքրքրված է մեզնով: Այդ երկրի արտաքին քաղաքական կյանքում եղել է և կլինի խնդիրը՝ հարաբերություններ պահպանել արաբական աշխարհի շրջանակներից դուրս երկրների՝ Թուրքիայի, Եթովպիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Կենտրոնական Ասիայի, Իրանի հետ: Ադրբեջանն Իսրայելի համար շատ գայթակղիչ երկիր է՝ որպես վճարունակ գործընկեր, ինչպես նաև նավթի մատակարար: Նա ադրբեջանական նավթի կարիք ունի և այն մեծ քանակությամբ ստանում է: Իսրայելն ու Ադրբեջանը վաղուցվա գործընկերներ են, և հիմա ոչ մի բան չի փոխվել»,- ամփոփեց քաղաքագետը:
Նշենք, որ Aerospace Industries իսրայելական պետական ընկերությունը անօդաչու ինքնաթիռներ է վաճառելու Ադրբեջանին։ Այդ սարքերը կիրառվում են և հետախուզական տեսագրություններ կատարելու, և զուտ մարտական գրոհներ իրականացնելու նպատակով։ Բացի այդ, Իսրայելն Ադրբեջանին վաճառելու է հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգեր։ Իսրայելա-ադրբեջանական այս գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիարդ 600 միլիոն ամերիկյան դոլար։








































