Մաշտոցի պուրակի շինարարությունը կկասեցնենք, եթե դա քաղաքապետը չանի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Գայանե Մելքումյանը`խոսելով շինարարության վերսկսման դեպքում քաղաքացիական նախաձեռնությունների անդամների, ակտիվիստների հետագա անելիքների շուրջ:
Նա նշեց, որ հետագա անելիքների մասին դեռ քիչ բան է հայտնի:
«Ամեն դեպքում մեր միջոցներով կփորձենք կասեցնել շինարարությունը, եթե դա քաղաքապետը չանի: Քաղաքապետարանին ևս մեկ անգամ նամակով ենք դիմել, պահանջել ներկայացնել իրավական հիմնավորումներ, պահանջել ենք ապամոնտաժել կրպակները: Քաղաքապետարանը պաշտոնական հայտարարություն չէր արել, որ շինարարությունը կասեցված է, մենք ոստիկաններից ենք այդ ամենի մասին տեղեկացել: Քաղաքապետարանից որևէ պաշտոնական տեղեկություն չկա և սպասողական իրավիճակ է»,- նշեց ակտիվիստը` հավելելով, որ ամեն դեպքում շարունակելու են նույն ոգևորվածությամբ, շարունակելու են միջոցառումներով մշակութային կենտրոն պահել Մաշտոցի պուրակը:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է Մաշտոցի պուրակի «պաշտպանության» 17-րդ օրը: 17 օր շարունակ, անտեսելով եղանակային ծանր պայմանները, «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մեր քաղաքը», «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունների անդամները, ակտիվիստները, բնապահպանները պայքարում են Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակների դեմ: Այս ընթացքում յուրաքանչյուր օր, բնապահպանների կազմակերպմամբ, Մաշտոցի պուրակը վերածվեց մշակութային միջոցառումների գոտու: Նրանց պնդմամբ` Մաշտոցի պուրակը հանրային տարածք է, որը չպետք է օգտագործվի հանուն մասնավոր շահի: Մոտավորապես մեկ շաբաթ առաջ Կենտրոնի ոստիկանության փոխգնդապետերից մեկը հայտարարեց, որ շինարարությունը մեկ շաբաթով դադարեցված է: Վաղը լրանում է այդ մեկ շաբաթը:








































