Իտալական Costa Crociere ընկերության Costa Allegra նավի վրա հրդեհ է բռնկվել: Տվյալ պահին նավը հոսընթացով լողում է Սեյշելյան կղզիների ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է AFP-ն՝ հղում անելով Իտալիայի առափնյա ոստիկանության ներկայացուցչին:
Ըստ տվյալների՝ նավի վրա գտնվում է մոտ 1000 մարդ: Նավը դուրս էր եկել Մադագասկարից և ուղևորվում էր դեպի Սեյշելյան կզիներ: Իտալական TMNews լրատվական գործակալության տվյալներով՝ նավում կա 627 ուղևոր և 413 անձնակազմի անդամ: Նավապետի խոսքերով՝ «առավոտյան բռնկված հրդեհը մարվել է»:
РИА Новости–ն, հղում անելով իտալական առափնյա պահակախմբին, հաղորդում է, որ ուղևորներից ոչ ոք չի տուժել: Այլ մանրամասներ առայժմ չկան:
Նշենք, որ Costa Concordia նավը, որը աղետի էր ենթարկվել այս տարվա հունվարին, ևս պատկանում էր Costa Crociere ընկերությանը: Ըստ վերջին տվյալների՝ այդ ողբերգության զոհերի ընդհանուր թիվը 25 էր: Դեռ անհայտ է ևս 7 մարդու ճակատագիր, նրանց որոնումները շարունակվում են: Աղետի պահին նավի վրա եղել է 4200 մարդ:









































