ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն առաջադրվել են Նոբելյան մրցանակի: Ընդհանուր առմամբ առաջադրված է 231 թեկնածու, գրում է The Telegraph թերթը:
Նոբելյան կոմիտեի ղեկավար Գեյր Լունդեստադը պատմել է, որ, ինչպես և ամեն տարի, կա հերթական թեկնածուների խումբ` հայտնի և ոչ այնքան հայտնի մարդկանցից բաղկացած:
Թեկնածուների անուններն, իհարկե, Նոբելյան կոմիտեն չի հրապարակել: Սակայն նրանք, ովքեր իրավունք ունեն թեկնածու առաջադրելու, այսինքն՝ տարբեր կազմակերպություններ, քաղաքական գործիչներ, պրոֆեսորներ և այլ մարդիկ, սովորաբար ներկայացնում են իրենց առաջարկած կազմակերպությանը կամ թեկնածուին:
Այս տարվա մրցանակաբաշխությանը առաջադրվել են ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլը և այժմ ազատազրկման մեջ գտնվող Յուլյա Տիմոշենկոն:
Փետրվարի սկզբին նաև հայտնի է դարձել, որ Իսլանդիայի խորհրդարանի մի քանի պատգամավորների կողմից ամերիկացի զինվոր Բրեդլի Մենինգը, ով մեղադրվում է Wikileaks-ին գաղտնի փաստաթղթեր փոխանցելու մեջ, նույնպես առաջադրվել է Նոբելյան խաղաղության մրցանակի:
Մարդու իրավունքների պաշտպանության «Մեմորիալ» կենտրոնի հիմնադիր Սվետլանա Գանուշկինայի թեկնածությունը ևս առաջադրված է:









































