Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական Taraf թերթը քննադատել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինին՝ Խոջալուի իրադարձությունների 20-րդ տարելիցի հետ կապված Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում կազմակերպված հակահայկական ակցիային մասնակցելու համար:
Թերթն ընդգծում է, որ ներքին գործերի նախարարի մասնակցությունն այնպիսի միտինգում, որում հնչել են ազգայնական ու ռասիստական կարգախոսներ, չի կարելի միանշանակ գնահատել:
Թերթն ընդգծում է, որ այդ միտինգի ժամանակ վիրավորել են նաև հայկական «Ակօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակը, իսկ մի խումբ ազգայնամոլներ փորձել են բողոքի ակցիա անցկացնել թերթի խմբագրատան առջև:
Ըստ թերթի՝ որևէ քննադատության չի դիմանում այն, որ միտինգում հնչել են «Դուք բոլորդ հայ եք, դուք բոլորդ վիժվածքներ եք» կարգախոսը, ինչի կապակցությամբ պետք է հարուցվի քրեական գործ՝ ազգամիջյան ու ռասայական խտրականության փաստով:
Հիշեցնենք, որ Իդրիս Նաիմ Շահինն ընդամենն օրեր առաջ էր վերադարձել Ադրբեջանից և ամենայն հավանականությամբ «մեծապես տպավորված է եղել» այնտեղ իրեն հրամցված կեղծ ինֆորմացիայով:
Ի դեպ, Taraf թերթը Թուրքիայում ունի ամենասարսափահարույց թերթի համբավ։ Դրա համար էլ պատահական չէր, որ նախորդ տարվա մարտի կեսին WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Taraf-ը սկսել էր հրապարակել նրանից ստացած և Թուրքիային առնչվող 11.000 WikiLeaks-յան հաղորդագրություններ։ WikiLeaks-յան բացահայտումներում Թուրքիային առնչվող փաստաթղթերն իրենց քանակով զբաղեցնում են երկրորդ տեղը։









































