Կիևի Պեչորսկի շրջանային դատարանը մեղավոր է ճանաչել Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոյին ծառայողական լիազորությունների չարաշահման և պետական գույքի հափշտակման մեջ և նրան դատապարտել 4 տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:
Բացի այդ, դատարանը վճռել է առգրավել Լուցենկոյի անձնական գույքը: Նախկին նախարարը 3 տարի չի կարողանա պետական պաշտոններ զբաղեցնել:
Լուցենկոյի նախկին վարորդ Լեոնիդ Պրիսուպլյուկը, որը հետաքննության տվյալներով, համագործակցել է նրա հետ, դատապարտվել է 3 տարվա պայմանական ազատազրկման: Քաղաքացիական հայցի համաձայն՝ Լուցենկոն պետք է ՆԳՆ-ին վճարի 643 հազար գրիվեն, իսկ Պրիստուպլյուկը՝ 294 հազար:
Յուրի Լուցենկոն գլխավորել է «Ժողովրդական ինքնապաշտպանություն» ընդդիմադիր շարժումը:









































