Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին խոսքերը չեն բավականացնում՝ Օհան Դուրյանի մասին երկար խոսելու. «Շատ դժվար է նմանատիպ մարդկանց մասին խոսել, կարծում եմ, որ մեր մշակույթը կորցրեց մեծանուն մարդու, մեր դիրիժորական արվեստի ամենափայլուն դեմքերից մեկին, որը, ըստ էության, հայ դասական երաժշտության իր մեկնաբանությունը հասու դարձրեց ամբողջ աշխարհին: Օհան Դուրյանը աշխարհի լավագույն 100 դիրիժորների շարքում է: Նա անհատ էր, որն ուներ իր մոտեցումները, իր սեփական մեկանբանությունը մեր երաժշտարվեստում: Այսօր ես ցավով եմ հրաժեշտ տալիս մեծ երաժշտին, և, կարծում եմ, հայ ժողովուրդը՝ նույնպես»:
«Առաջին լրատվականը» մշակույթի նախարարից փորձեց պարզել, թե ինչպե՞ս լուծվեց մաեստրոյի՝ հայրենիքում հուղարկավորվելու հարց, որովհետև խոսակցություններ կային, որ մեծանուն դիրիժորին Կոմիտասի անվան պանթեոնում տեղ չի հատկացվելու։ Հասմիկ Պողոսյանը պատասխանեց, որ նման դեպքերում միշտ նույն ձևաչափն է պահպանվում. «Ստեղծվեց կառավարական հանձնաժողով, որն էլ իր որոշումը կայացրեց։ Կարծում եմ, այն, ինչ պետք է արվեր նրա հիշատակի համար, արեցինք, դա բոլորի միասնական որոշումն էր, և նման խնդիրների մասին պետք չէ այսօր խոսել»:








































