Այն, որ ՀԱԿ համամասնական ցուցակը կազմելիս կարող են ի հայտ գալ քաղաքական ամբիցիաներ, բնական է. և ինչո՞ւ չպետք է ի հայտ գան: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման դիտարկում արեց ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:
«Համամասնական ցուցակի կազմման շուրջ ինտենսիվ քննարկումները շարունակվում են: Ընդ որում, Լևոն Տեր-Պետրոսյանի համար ընդունելի է ՀԱԿ անդամ 18 կուսակցությունների ցանկացած կոնսենսուսային որոշում: Մենք այդ քննարկումների արդյունքում կկարողանանք ներկայացնել ամենաօպտիմալ համամասնական ցուցակը»,- ընդգծեց նա:
Մուսինյանի խոսքով՝ ինչ վերաբերում է ցուցակի շուրջ հնարավոր տարաձայնություններին, ապա դա կարող է լինել անգամ մեկ կուսակցության ներսում, ուր մնաց՝ 18 կուսակցություններից բաղկացած ՀԱԿ-ում:
«Մեզ համար ամենաէականն այն է, որ Հայաստանում ազատ ու արդար ընտրություններ անցկացվեն: Եթե նման ընտրություններ կայանան, ՀԱԿ-ն Ազգային ժողովում ծանրակշիռ ներկայություն կունենա, իսկ այս իշխանություններից էլ հետք չի մնա: Միաժամանակ, մենք մանդատների համար չենք գնում խորհրդարան. մանդատները մեզ համար նպատակ չեն»,- ասաց ՀԱԿ մամուլի քարտուղարը:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ հնարավո՞ր է, որ Հայ ազգային կոնգրեսը ինչ-որ դեպքում վայր դնի իր մանդատները, Արման Մուսինյանը ասաց՝ ամեն բան հնարավոր է: «Ելնելով քաղաքական իրավիճակից՝ կորոշենք. պետք է գտնվենք ԱԺ-ում՝ կգտնվենք, պետք չէ՝ չենք գտնվի»:








































