Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մաշտոցի պուրակի ակտիվիստ, ազատ լրագրող, սատանիստ Բայանդուր Պողոսյանը, խոսելով իր սկզբունքների մասին, ասաց, որ ինքը սատանային պաշտամունք չի դարձնում:
Նա նշեց, որ ինքը չի հայտարարել սատանիստ լինելու մասին: Ըստ նրա` ժամանակ առ ժամանակ այս հարցի շուրջ աղմուկ են բարձրացնում: «Ես Մաշտոցի պուրակ չեմ գնացել իմ գաղափարները տարածելու համար: Ես սատանիստ եմ, բայց ոչ սատանայապաշտ: Տարբերությունն այն է, որ ես ոչ մի պաշտամունքի մոդել չունեմ: Ես չեմ զբաղվում ծիսակատարություններով, պաշտամունքային մոդելից զուրկ անձնավորություն եմ և սատանային պաշտամունք չեմ դարձնում: Սատանան հրաժարվել է խոնարհվել Աստծո առաջ: Ես հրաժարվում եմ խոնարհվել որևէ Աստծո առաջ»,- նշեց սատանիստը` հավելելով, որ սատանիզմը իր գաղափարական համոզմունքն է: Նա նշեց՝ շատերը փորձում են ներկայացնել, թե սատանայի այն մոդելը, որ ինքը ընտրել է վտանգավոր է՝ հաշվի չառնելով այն, որ եկեղեցին թեև ընտրել է վեհ գաղափարներ, սակայն եղել է միջնադարյան ինկվիզիցիա:
Համատեղ ասուլիսի ընթացքում Վարդան Դևրիկյանը հակադարձեց՝ ասելով, որ նրա ներկայացրած փաստարկների կեսը սխալ է: Նա նշեց, որ աստվածաբանական ելույթների մեջ խորանալու փոխարեն՝ կա՞ որևէ մեկը, ով կասի, թե սատանան դրական է: «Որևէ նորմալ մարդ չի կարող սատանիստ լինել: Սատանան սպանության գաղափարի կրողն է: Եթե ես վամպիրին ընկալեմ որպես դժբախտ սիրահար, նա կդառնա դժբախտ սիրահա՞ր»,- հռետորական հարց ուղղեց Վ. Դևրիկյանը` հավելելով, որ ընկալումից սատանայի էությունը չի փոխվում: Նա նաև անդրադարձավ մամուլում Բայանդուր Պողոսյանին վերաբերող արձագանքներին: Ըստ նրա`մամուլը պետք է ճշմարտությունը ներկայացնի:
Գրող Մարինե Պետրոսյանը նշեց, որ Բայանդուրին ճանաչել է Մաշտոցի պուրակում: Շարունակելով` նշեց. «Երբ նրա գաղափարական համոզմունքների շուրջ եղավ աղմուկ, եղան հարձակումներ, ես ծանոթացա նրա բլոգին: Ինձ համար իր տեսակի հայտնվելը շատ թանկ բան է: Նոր բանը միշտ միտք է բերում: Եթե դիտարկենք մտքի պատմությունը, միշտ եղել է ապստամբության ճանապարհը: Այսօր երիտասարդության մեծամասնությունը պահպանողական է և կոմֆորմիստ: Այս ֆոնի վրա Բայանդուրի հայտնվելը միտք է շարժում»,- նշեց Մ. Պետրոսյանը` հավելելով, որ Բայանդուրը պարզապես ընտրել է սատանիզմի սկզբունքային և էսթետիկ կողմը: Կարևորելով Մաշտոցի պուրակի շուրջ բողոքի ալիքը` նշեց, որ ձևավորվել է երկխոսության նոր ալիք, և դա է կարևորը:
Հիշեցնենք, որ Բայանդուր Պողոսյանը Մաշտոցի պուրակի այն «պաշտպանն» էր, ով ութօրյա հացադուլ էր հայտարարել:









































