Միջնադարյան Բաղդադի և Արաբական խալիֆայության շրջակա տարածքների կլիման տարբերվել է այժմյան կլիմայից ավելի ցուրտ ձմեռներով և մեծաքանակ տեղումներով,- հայտարարել են իսպանացի կլիմայագետները Weather ամսագրում տպագրված հոդվածում:
Իսպանիայի Էկստրեմադուրա քաղաքի համալսարանի մի խումբ գիտնականներ` Ֆերնանդո Դոմինգես Կաստրոյի (Fernando Dominguez-Castro) ղեկավարությամբ, եկել են այս եզրակացության` ուսումնասիրելով հնագույն Բաղդադի կլիմայի պահպանված ժամանակագրությունը` ըստ 10, 13 և 16 դդ արաբ ժամանակագիրների:
Գիտնականների խոսքերով` բոլոր ժամանակագիրների նկարագրություններում 10-րդ դարի սկզբին գրանցվել է նորմայից բարձր ցուրտ եղանակ:
Մասնավորապես, ժամանակագիրները հիշատակել են 920 թ. հուլիսի ոչ նորմալ ցուրտ եղանակը և նշել են նաև 908, 944 և 1007 թթ. ձյունը: Համեմատության համար նշենք, որ Իրաքի ոչ մի ժամանակակից բնակիչ երբևէ ձյուն չէր տեսել հարազատ հողի վրա մինչ 2008 թ.:
«Դա հաստատում է այն ենթադրությունը, որ 10-րդ դարում տարեկան միջին ջերմաստիճանի կտրուկ նվազում է գրանցվել` ավարտելով, այսպես կոչված, «միջնադարյան կլիմայի օպտիմումը»: Մենք ենթադրում ենք, որ 920 թ. ցուրտը կարելի է կապել հրաբխի ուժեղ ժայթքման հետ, սակայն այդ հիփոթեզի հաստատման համար հարկավոր են լրացուցիչ ուսումնասիրություններ»,- ասել է խմբի ղեկավարը:
Ըստ հետազոտողների` իրենց աշխատանքի արդյունքները կարելի է ընդլայնել և կատարելագործել այն դեպքում, եթե հնագետներն ու պատմաբանները կարողանան գտնել և թարգմանել այլ արաբական ժամանակագրություններ:










































