Սիրիայի կառավարական զորքերն այսօր վերսկսել են Հոմս քաղաքի ռմբակոծությունը,- հաղորդում է Reuters-ը: Առնվազն երկու մարդ արդեն զոհվել է, վիրավորների թիվը չի հաղորդվում:
Նշվում է, որ կրակ է բացվել հիմնականում մուսուլման սուննիներով բնակեցված թաղամասերի վրա:
Հիշեցնենք. Հոմսի ռմբակոծությունը շարունակվում է փետրվարի սկզբից: Այդ ընթացքում զոհվել են հարյուրավոր մարդիկ: Փետրվարի 24-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն սկսել է տարհանել քաղաքից վիրավորներին: Իրավապաշտպանների խոսքերով՝ քաղաքում հումանիտար ճգնաժամ է:
Երեկ Սիրիայում անցկացվել է Սահմանադրության հանրաքվե, որին մասնակցել է ընտրելու ձայն ունեցողների 60%-ը:
Համաշխարհային առաջնորդները հանդես են եկել հանրաքվեի քննադատությամբ: Մասնավորապես, գործակալությունը գրում է, որ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելլեն այդ հանրաքվեն անվանել է «ֆարս»:
«Կեղծված քվեարկությունը չի կարող նպաստել ճգնաժամից դուրս գալուն»,- նշել է նա՝ ավելացնելով, որ Սիրիայի գործող նախագահ Բաշար Ալ-Ասադը պետք է դադարեցնի բռնությունը և սկսի իշխանության փոխանցման գործընթացը:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ավելի խիստ է արտահայտվել՝ կոչ անելով Սիրիայի խոշոր քաղաքների բնակիչներին, զինվորականներին և օրինապահ գործարարներին պայքարի դուրս գալ Սիրիայի կառավարության դեմ՝ տապալելով նախագահին և վերջ դնելով արյունահեղությանը:
«Որքան շատ եք դուք աջակցում վարչակարգին և նրա բռնության արշավները ձեր եղբայրների և քույրերի նկատմամբ, այնքան մեծ բիծ կլինի ձեր պատվի վրա: Եթե դուք աջակցեք ձեր համաքաղաքացիներին, ձեր համերկրացիներին, ձեզ կողջունեն որպես հերոսների»,- ասել է Քլինթոնը Մարոկոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսին՝ ևս մեկ անգամ նշելով, որ արտաքին միջամտությունը միայն ավելի կսրի քաղաքացիական պատերազմը: Նրա խոսքերով՝ Լիբիայի սցենարը Սիրիայում չի կարող գործել:









































