Այսօր ՀՅԴ-ն նախաձեռնում է կամավորական շարժում, և շուտով կսկսվի կամավորների գրանցումը։ Նրանք պետք է ԱԺ ընտրությունների ժամանակ հետևեն ընտրությունների անցկացմանն ու պահպանեն կարգուկանոն: Այս մասին այսօր Քաղաքագետների միությունում հերթական լսումների ժամանակ տեղեկացրեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Նրա խոսքով՝ կամավորները կոչված են լինելու ապահովել արդար ընտրություններ: Ըստ Մարգարյանի՝ ընտրությունը այն ինստիտուտն է, որն անհրաժեշտ է մեր ժողովրդի անվտանգության համար: Քաղաքական ուժերը փոփոխության են ձգտում ընտրությունների միջոցով, և այդ ինստիտուտի կայացումը ավելի կարևոր է, քան քվե ապահովելը:
Հրանտ Մարգարյանը նշեց, որ ընտրությունները ժողովրդի կողմից իրենց ընդունված լինելու իրական պատկերը տեսնելու միջոց չեն: Նա նշեց, որ այն քաղաքական ուժերը, որոնք չեն համակերպվում ընտրությունների միջոցով իշխանություն կորցնելուն, չեն կարող ժողովրդավարություն կայացնել:
«Իշխող ուժը պետք է հասկանա, որ ընտրության միջոցով իշխանություն կորցնելը ողբերգություն չէ: Վերջապես սարսափելի չէ պարտվել, քանի որ կարող ես 4 տարի հետո վերականգնել իշխանությունդ, բայց ընտրությունների ինստիտուտի չկայացումը բացասական ընթացքով է տանում երկիրը»,- ասաց Հ. Մարգարյանը:
Հավելենք, որ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում քաղաքական բոլոր ուժերի մասնակցությամբ նախապատրաստվում է պլենար նիստ անցկացնել:









































