Մոսկվայում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ռուսաստանը պետք է Սիրիայի նախագահ Բաշար Ասադից անմիջապես պահանջի դադարեցնել կրակոցները Հոմս քաղաքում:
«Հոմս քաղաքը գտնվում է խոշոր մարդասիրական աղետի եզրին: Ռուսաստանը պետք է անհապաղ դիմի Ասադին և պահանջի 24 ժամով դադարեցնել կրակոցները»,- դիվանագետին մեջբերում է ИТАР-ТАСС-ը:
Փետրվարի 25-ին Կարմիր խաչը վերսկսել է բնակչությանը տարհանելու վերաբերյալ բանակցությունները սիրիական իշխանությունների և ընդդիմության հետ: Փետրվարի 26-ին, ըստ ԶԼՄ-ների, կառավարական զորքերի գործողությունների արդյունքում 57 մարդ է զոհվել:
Սիրիայում կիրակի օրը տեղի է ունենում նոր սահմանադրության նախագծի հանրաքվե, ըստ որի` կստեղծվի բազմակուսակցական համակարգ: Ընդդիմությունն, ընդ որում, կոչ է արել` մերժել «ֆարսը», իսկ Արևմուտքում հանրաքվեն անվանել են «ծաղր հեղափոխությանը»:








































