ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը Եվրամիության ներգրավումը Լեռնային Ղարաբաղում ընդհանուր առմամբ դրական է գնահատում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ արդեն մի քանի տարի է, ինչ աշխարհագրորեն ամբողջ Հարավային Կովկասը ներգրավված է ԵՄ «Եվրամիության հարևանություն» և «Արևելյան գործընկերություն» քաղաքականությունում:
«Գործնականում, ԼՂՀ-ն, թեև Հարավային Կովկասի մաս է, սակայն ճանաչված չլինելու հետևանքով զրկված է զարգացման համար այն հնարավորություններից, որոնք ԵՄ-ն տրամադրում է տարբեր երկրների: Կարծում եմ, որ առանց այդ գործընթացում Ադրբեջանի միջամտության ԵՄ ներգրավումը ԼՂՀ-ում կնպաստի ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացմանը Արցախում, ինչպես նաև նրա տարբեր ինստիտուտների ամրապնդմանը»,- ասաց Մ. Մայիլյանը:
Հարցին՝ արդյոք սա կարելի՞ է դիտարկել որպես անվստահություն Ֆրանսիայի հանդեպ, որ Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո այն այլևս չի ընդունվում որպես անաչառ միջնորդ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, Մ. Մայիլյանը պատասխանեց, որ այս գործընթացների միջև ուղիղ կապ չի տեսնում: Նրա խոսքով, ԵՄ-ն արդեն մի քանի տարի չճանաչված երկրներ ներգրավելու բանաձևի փնտրտուքի մեջ է. մշակվել էր «Ներգրավում առանց ճանաչման» կամ «Չեզոք ներգրավման կարգավիճակ» բանաձևը:
«ԼՂՀ դեպքում մենք ԵՄ կողմից արցախյան կարգավորման միջնորդ դառնալու ցանկություն չենք նկատել: Ավելի շատ խոսվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցության և հակամարտության գոտու վերականգնմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին այն բանից հետո, երբ կողմերը խաղաղ համաձայնագիր կստորագրեն»,- նշեց Մ. Մայիլյանը:










































