Կրեմլում քննադատել են Թունիսի նախագահ Մոնսեֆ Մարզուկիի խոսքերը, ով «Սիրիայի բարեկամներ»–ի համաժողովում առաջարկել է Ռուսաստանին քաղաքական ապաստան տրամադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյան Մարզուկիին խորհուրդ է տվել հանդես գալ իր երկրի անունից և լուծումներ առաջարկել՝ սիրիական կոնֆլիկտը հարթելու համար:
«Թունիսի նախագահը պետք է առաջարկություններ անի իր երկրի անունից, այլ ոչ թե կոչ անի այլ երկրներին: Եվ այդ առաջարկները պետք է ուղղված լինեն Սիրիայի ներքին կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը»,- ասել է աղբյուրը լրագրողներին:
«Սիրիայի բարեկամներ»–ի համաժողովը տեղի է ունեցել Թունիսում՝ ավելի քան 60 պետությունների, միջազգային և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:








































