«Մեծ պահքը սկսվում է Սուրբ Հարության տոնից առաջ: Օրինակ վերցնելով Հիսուս Քրիստոսից, ով 40 օր անցկացրեց անապատում, մենք էլ այդ օրինակով անցնում ենք ինքնամաքրման ճանապարհը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տեր Թովմա քահանա Անդրեասյանը:
Ըստ նրա՝ կարևորը ոչ թե սննդային, այլ հոգևոր պահքն է. «Երբ մարդը կենդանական սննդից անցնում է բուսականի, պարզվում են նրա մտքերը, հանդարտվում են կրքերը, հանգստանում է նյարդային համակարգը»:
Էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը, խոսելով Մեծ պահքի մասին, նշեց, որ այն շատ կարևոր է նաև օրգանիզմի մաքրման համար. «Չնայած նրան, որ պահքը օրգանիզմի համար շատ լավ է, այնուամենայնիվ տարեցներին, երեխաներին կամ որևէ հիվանդություն ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում պաս պահել»: Նա խորհուրդ տվեց պաս պահող մարդկանց վիտամինային պակասը լրացնելու համար միրգը և բանջարեղենը օգտագործել թարմ վիճակում: Նաև շատ օգտագործեն սունկ, քանի որ այն լիարժեք փոխարինում է մսին:
Վերջում քահանան հավելեց, որ Հայ Առաքելական եկեղեցին դեմոկրատական եկեղեցի է և պահք պահել չի պարտադրում. «Պահքը կամավոր սկզբունք է: Պահք չպահելը կամ այն կիսատ թողնելը մեղք չի համարվում»:









































