«Ժողովուրդ»-ը գրում է.
«Ռուբեն Սադոյանի եղբայրը դարձել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը: Նրա նշանակման լուրը, մեղմ ասած, այնքան էլ չի երջանկացրել երևանցիներին, որովհետև նրանք հիմա շատ են ուզում, որ գոնե թաղային կառույցները ղեկավարեն նոր մարդիկ՝ անձնական շահագրգռություններից հեռու և ուրիշների «թևերով չթռչող»:
Իսկ Ռուբեն Սադոյանը միշտ համարվել Է Էքս-քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մարդը, ում շնորհիվ էլ առաջ է գնացել:
Ռուբեն Սադոյանը 1989-ին ավարտել Է ժողինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետն ու աշխատանքի անցել «Հայբակալեյա» ձեռնարկությունում որպես հաշվապահ: Ունևոր ծնողներն ամեն ինչ արել են, որպեսզի նա բանակում չծառայի, փոխարենը դարձել Է ՀՀ հարկային պետական տեսչության Օրջոնիկիձեի շրջանի հարկային տեսուչ և այս պաշտոնում աշխատել 3 տարի՝ մինչև 1993 թվականը: Մի տարի Էլ պետական հարկային տեսուչ է աշխատել պետական հարկային տեսչության 8-րդ բաժնում:
Արդեն սեփական ֆինանսական միջոցներն ապահովելով՝ 1994-1996թթ. Եղել Է «Վահունի» ՍՊԸ տնօրեն, ապա տեղափոխվել շատ ավելի մեծ ֆինանսական միջոցներ և շրջանառություն ունեցող «Ռոյալ-Կրիստալ» ընկերություն և դարձել դրա տնօրենն ու սեփականատերերից մեկը:
2000թ-ին մոտ տասն ամսով եղել Է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Արշակունի» մասնաճյուղի տնօրեն, բայց հետո որոշել Է իր «տանիքն» ամուր դարձնելու համար նորից գնալ հարկային ու աշխատել որպես ՊԵ նախարարության հարկային տեսչությունների աշխատանքների կազմ-տեսչական վարչության հարկային տեսչությունների հսկողության բաժնում որպես գլխավոր հարկային տեսուչ: Սա մեր հարկային համակարգի ամենաչաղ պաշտոններից մեկն է, որովհետև այստեղ են «մուծվում» տեսչությունները, այստեղ են «պարտակվում» իրական հարկահանությունների տվյալները: Դե, Ռուբեն Սադոյանին Էլ հենց նման պաշտոն Էր պետք:
Նկատենք, որ Սադոյանի կենսագրության մեջ շատ հետաքրքիր «շրջադարձեր» կան. նա մե՛րթ հարկայինում Է գործունեություն ծավալել, մե՛րթ Էլցանցերում: Սա «ունիկալ» մի բան է, որը, երևի, միայն «բացառիկ» մարդկանց մենաշնորհն է: Այսպես, 2002-2003-ին եղել է ՀԷՑ-ի էջմիածնի իրացման-շահագործման մասնաճյուղի տնօրեն, երկու տարի «ստվերում» պահել իր կենսագրությունը, իսկ 2005-ից հիմնել «Յունիգրաֆ-Իքս» ԱՊԸ-ն: Այս ՍՊԸ-ի «քավորն» էլ Գագիկ Բեգլարյանն է եղել, որովհետև առաջին հերթին ՍՊԸ-ն գործունեություն է ծավալել քաղաքապետարանի հետ համագործակցելով՝ զբաղվելով թափառող շների ստերիլիզացման գործերով: Սակայն թափառող կենդանիներին ոչ թե ստերիլիզացրել, այլ պարզապես սատկացրել ու ահռելի գումարներ են ստացել պատվիրատուից»,- ապա թերթը հավելում է.
«Թե ինչպես «շուն խփողը» պատգամավոր դարձավ և ինչպես թիվ 9 ընտրատարածքում նրա մեջ օրինաստեղծի տեսան, մնում է մեր օրերի «առեղծվածներից» մեկը: Իհարկե, Սադոյանի ընտրության ժամանակ շատ ավելի Բեգլարյանն էր աշխատում, քանի որ հարկավոր էր պատրաստել ապագա հենարաններից մեկին, մի մարդու, ով Կենտրոնում Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետն էր լինելու: Հսկա մայրաքաղաքի ամենամեծ շրջանում նախագահի շտաբի պետ էր դառնում նախկին հարկային տեսուչը, էլցանցի մասնաճյուղի տնօրենն ու հիմա էլ «շների մասնագետը»: Ուրեմն ինչքա՛ն թշվառ պիտի լիներ իշխանությունը…
Գալով Ազգային ժողով և ընդգրկվելով ամենակարևոր հանձնաժողովներում Ռուբեն Սադոյանն, ըստ էության, պատգամավորական գործունեություն չի ծավալել, բացառությամբ մի դեպքի, երբ համատեղությամբ օրենքի նախագիծ է ներկայացրել: Երբ նայում ենք նրա քվեարկություններին ու մասնակցությանը խորհրդարանի նիստերին, տեսնում ենք, որ այս մարդը միշտ «կողմ» է քվեարկել իշխանական նախագծերին, եթե, իհարկե, ներկա է գտնվել: Չմոռանանք նաև, որ սա այն պատգամավորն է, ով թռուցիկներ բաժանող ՀԱԿ ակտիվիստների դեմ բռնություններ էր գործել: Հիմա Ռուբեն Սադոյանը նորից է ցանկանում պատգամավոր դառնալ: Խե՛ղճ խորհրդարան»:









































