ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ելույթ ունենալով «Սիրիայի բարեկամներ»–ի հանդիպման ժամանակ, Սիրիային առաջարկել է 10 միլիոն դոլար՝ երկրի բնակիչներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար։ Ուրբաթ օրն այս մասին տեղեկացրել է France Press գործակալությունը:
Քլինթոնը նշել է նաև, որ սիրիական վարչակարգը «թանկ գին» կվճարի, եթե շարունակի միջազգային հանրության պահանջները մերժել և «Սիրիայի ժողովրդի իրավունքը ճնշել»:
«Եթե Ասադի վարչակարգը շարունակի մերժել բնակիչների համար այս փրկարարական օգնությունը, ապա նրա ձեռքերին ավելի շատ արյուն կլինի»,- Associatied Press գործակալությունը մեջբերում է Քլինթոնի հայտարարությունը:
Ուրբաթ օրը Թունիսում տեղի է ունեցել «Սիրիայի բարեկամներ»–ի համաժողովը՝ մոտ 60 պետությունների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների մասնակցությամբ: Հանդիպման գլխավոր նպատակը Բաշար Ասադի վարչակարգի վրա միջազգային հանրության ճնշման ուժեղացումն է: Հանդիպմանը չեն մասնակցում Ռուսաստանը և Չինաստանը:










































