Մարտի 5-ին Չեխիայում կկայանա «Արևելյան գործընկերության» (Ուկրանիա, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան,Մոլդովա, Բելառուս), «Վիշեգրադյան խմբի» (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա), բալթյան երկրների (Լիտվա, Լատվիա, Էստոնիա), ինչպես նաև Եվրամիության խորհրդում այժմ նախագահող Դանիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է CTK չեխական տեղեկատվական գործակալությունը՝ հղում անելով Չեխիայի ԱԳՆ-ին:
«Արևելյան գործընկերությունը» մեծ ուշադրության է արժանի (Եվրամիության կողմից),- ասել է Չեխիայի արտաքին գործերի փոխնախարար Իրժի Շնայդերը:
Նշվում է, որ հանդիպմանը կմասնակցեն նաև Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և ընդլայնման ու եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
«Արևելյան գործընկերությունն» սկսվել է 2009 թվականի առաջին կեսին՝ Եվրամիությունում՝ Չեխիայի նախագահության ընթացքում: Համագործակցության վերջին գագաթնաժողովները տեղի են ունեցել 2011 թվականի սեպտեմբերին՝ Վարշավայում՝ Լեհաստանի նախագահության ժամանակ:









































