43 տարի առաջ ստեղծվեց «Երևան» կինոստուդիան, որտեղ ստեղծվել են 600-ից ավելի գեղարվեստական, վավերագրական, երաժշտական և մուլտիպլիկացիոն ֆիլմեր: Այսինքն` այնտեղ ամփոփված է մի երկրի ամբողջ պատմավավերագրությունը: 2012-ի հունվարից ՀՌԱՀ որոշմամբ «Երևան» ստուդիայի տնօրեն նշանակվեց դերասան, հեռուստահաղորդավար Խորեն Լևոնյանը:
Իհարկե, Խորեն Լևոնյանը չի այս երկրի լավագույն կինոգետը, կինովավերագրողը կամ կինոմարքեթինգի մեծ մասնագետը: Ու ոչ էլ լավ դերասան կամ հաղորդավար լինելն ամենաանառարկելի փաստարկն է, որ նշանակվես մի ամբողջ կինոստուդիայի տնօրեն: Մյուս կողմից` «Երևան» կինոստուդիան այն վիճակում չէ, որ պատերի տակ ասես, թե դերասանին դարձրին մեր կինոյի մեծ ամբարի թագավոր:
2006թ. կառավարության որոշմամբ լուծարվեց «Երևան ստուդիա» ՓԲԸ-ն այն պատճառաբանությամբ, որ պետական բյուջեից հատկացվող փոքր միջոցների և չնչին առևտրային եկամուտների պայմաններում անհնար էր կազմակերպել ընկերության բնականոն գործունեությունը: Մի խոսքով, «Երևան ստուդիա» ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացվել էր 42 մլն 84 հազար 433.5 դրամ արժողությամբ գույք և այն հանձնվել «Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ» պետական հիմնարկին:
Ի դեպ, 1997-2004թթ. կինոստուդիայի տնօրենի պաշտոնում էր կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: 2004-ի վերջերին նրան խնդրել էին աշխատանքից ազատվելու դիմում գրել: «Մեկ օրվա մեջ 65 մարդու հեռացրին աշխատանքից, և այնտեղ մնացել էր մի քանի աշխատող` հաշվապահը, հավաքարարը և պահակը: Ավելի ուշ կինոստուդիայի ամբողջ արխիվն` իր հեղինակային և գույքային իրավունքներով, ծիծաղելի գումարով տրամադրվեց Հանրային հեռուստատեսությանը: Տարիներ շարունակ հետաքրքրվում էի և որքան գիտեմ` այս տարիների ընթացքում որևէ արտադրանք չի տվել «Երևան» կինոստուդիան»,- ասաց Տիգրան Խզմալյանը:
Իրականում, կինոստուդիան արտադրանք տվել է, բայց այնպես է ստացվել, որ այդ արտադրանքն ստեղծողը հիմնականում եղել է Հրաչ Քեշիշյանը («Ոչինչ չի մնա», «Սպանված աղավնին», «Երեք ընկեր», «Խաչագողի հիշատակարանը»): Մի-մի հատ էլ կինո են նկարել Արամ Շահբազյանը` դարձյալ Հրաչ Քեշիշյանի պրոդյուսինգով («Մի վախեցիր») և Զարուհի Սարգսյան-Կասպարյանցը («Արտիստը»):
«Երևան» կինոստուդիայի բախտն ու ճակատագիրը և նոր տնօրենի նշանակումը, պարզվում է, ամենաքիչն է հուզում կինովավերագրող Տիգրան Պասկևիչյանին: Կինոռեժիսորն ավելի մտահոգված է երկրի խնդիրներով, քան բուն կինոստուդիայով. «Իսկ ինչքանո՞վ է արդարացված, որ էս երկրում հեռուստատեսությունները էս վիճակում են, էդ մարդիկ են ղեկավարում հեռուստատեսությունները… Ու էդքանի մեջ մնում է մտածել, թե Լևոն Խորենյանի նշանակումն արդարացվա՞ծ է, թե՞ արդարացված չէ: Ի՞նչ կարող է անել կամ չանել Խորեն Լևոնյանը, եթե էս երկիրը ձեռից գնում ա` սկսած փողոցի մայթերից, վերջացրած եկեղեցիների խաչերով: Եվ էդ ամբողջի մեջ այդ նշանակումը ինձ բոլորովին չի հետաքրքրում: Ոչ էլ «Երևան» կինոստուդիան է հետաքրքրում: Որովհետև առանձին փոքր խնդիրներ լուծելով՝ հնարավոր չէ էս երկիրը փրկել: Պետք է ամեն ինչ քանդել ու ամեն ինչ միանգամից սարքել»:
Միանգամից ասենք, որ կինոստուդիան նորից քանդել են, բայց այս անգամ` վերանորոգելու նպատակով: Իսկ նորոգման աշխատանքների ֆինանսական հարցերով զբաղվում է Հանրային հեռուստատեսությունը:
«Փորձում ենք վերադարձնել ստուդիայի բարի անունն ու պատիվը: Ուզում ենք վերականգնել կինոարտադրությունը: Հիմա մեր առաջնային նպատակը արխիվային ֆիլմերի վերականգնումն ու այդ հարստության ցուցադրումն է և, ինչպես ասացի, նոր ֆիլմերի նկարահանումը: Առաջին ֆիլմը կլինի Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը», կլինի Նար Դոսի «Մեր թաղը»` 7 մասից, նաև` նախաքրիստոնեական շրջանը ներառող պատմական-գեղարվեստական ֆիլմ»,- մեզ հետ զրույցում ասաց Խորեն Լևոնյանը: Ինչպե՞ս ընդունեցիք կինոստուդիայի տնօրենը դառնալու առաջարկը` հարցին պատասխանեց. «Իհարկե զարմացա, իհարկե ուրախացա, իհարկե մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում…»:
Ու մինչ Խորեն Լևոնյանը պատրաստակամ է պատվով տանել կինոստուդիայի ավերակների տնօրենի նշանակումն ու հավատում է հայկական կինոարտադրության փառքի վերականգնմանը, կինոռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը հստակ ներկայացրեց թե՛ Խորեն Լևոնյանին տնօրեն նշանակելու տրամաբանությունը, թե՛ նշանակման հետևանքները: «Դա հայեցակարգային քայլ չէր: Դա ավելի շատ անվան միջոցով գովազդային էֆեկտի հասնելու ցուցադրական քայլ էր, ինչը, ես կարծում եմ, որևէ ռեալ արդյունք չի բերելու, որովհետև «Երևան» կինոստուդիայի գոյությունն ինքնին հայեցակարգային և ծրագրային բարդ, փաթեթային լուծումներից է կախված: Խորեն Լևոնյանն, այո՛, բավականին բարձր արտադրողական կարողությունների տեր դերասան լինելով` տեղյակ կլինի, թե ինչ է պետք անել: Բայց քանի որ «Երևան» կինոստուդիա կառույց` որպես այդպիսին, չկա և զուտ անվանական երևույթ է «Հ1»-ի կառույցում, որևէ կերպ որևէ հաջողություն չեմ ակնկալում: Այդ նշանակումն ուղղակի թուղթ է և անուն-ազգանուն, ո՛չ ավելին, ինչի պատճառով էլ ես ոչ հաջողություն, ոչ էլ ձախողություն չեմ տեսնում: Ուղղակի հնչեղ անուն է, և ես վտանգ եմ տեսնում, որ այստեղ դերասանի անվան շահարկումն է: Ու քանի որ ոչինչ տեղի չի ունենալու, նրանք, ովքեր ամբիցիաներ են կապում այդ նշանակման հետ, թե պիտի ինչ-որ փոփոխություններ լինեն, հիասթափվելու են: Դա նշանակում է, որ իզուր մարդու անվան հետ խաղում են»,- այսպես է կարծում Դավիթ Մաթևոսյանը:
Տիգրան Խզմալյանը հաջողություն մաղթեց նոր տնօրենին. «Իմ կարծիքով` ում էլ նշանակեն տնօրեն` հաշվապահ լինի, թե դերասան, բիզնեսմեն լինի, թե ռեժիսոր, պարտավոր է ապահովել կինոստուդիայի հիմնական գործառույթը` ֆիլմարտադրությունը: Որովհետև այդ սերիալների նկարահանումը, որոնց հիմա կոչում են կինոարտադրություն, զավեշտ է և արդեն առանձին խոսակցության թեմա»:
Ի դեպ, մի քանի օր առաջ Արտավազդ Փելեշյանի` Հայաստանի մեծագույն կինոռեժիսորի ծննդյան օրն էր: Արտավազդ Փելեշյանը դարձավ 74 տարեկան: Իսկ Փելեշյանի գլուխգործոցները նկարահանվել են հենց «Երևան» կինոստուդիայում: «Որևէ մեկը Փելեշյանից թույլտվություն հարցրե՞լ էր փոխանցել Հանրային հեռուստատեսությանը իր ֆիլմերը, որոնք այդպես էլ ոչ մի անգամ չցուցադրվեցին Հանրայինի եթերում: Մենք այսօր քննարկում ենք նրա հարազատ ստուդիայի նոր տնօրենի նշանակումը, մինչդեռ մեզ պետք է հետաքրքրեր` իսկ ինչո՞ւ նրա ֆիլմերը, գոնե երեկ, որևէ հեռուստատեսությամբ, առավել ևս` Հանրայինի ալիքով չցուցադրվեցին»,- ասաց Տիգրան Խզմալյանը:
Տիգրան Խզմալյանի հարցադրումը նույնությամբ փոխանցեցինք կինոստուդիայի նորանշանակ տնօրեն Խորեն Լևոնյանին: «Ճիշտն ասած, չգիտեմ… Բայց խոստանում եմ, որ վերականգնված ֆիլմերն անպայման ցուցադրվելու են»,- պատասխանեց նա:










































