«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) դարձել է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի առաջին կորպորատիվ անդամը:
Հանդիսավոր արարողության ժամանակ Կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյին է հանձնել «Բարերար» մակարդակի կորպորատիվ անդամակցության վկայագիր` 2011թ. մանկական ու երիտասարդական, կրթական ու ստեղծագործական ծրագրերին աջակցելու համար:
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի կորպորատիվ անդամակցության ծրագիրը վերջերս է մեկնարկել: Այդ ծրագրով Կենտրոնի կորպորատիվ գործընկերներն ստանում են տարբեր արտոնություններ` կախված անդամակցության մակարդակից: Այսօր մենք ողջունում ենք «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի առաջին կորպորատիվ անդամ «ԱրմենՏել» ընկերությանը:
Կորպորատիվ անդամակցությունը թույլ կտա ընկերության աշխատակիցներին արտոնյալ պայմաններով այցելել Կենտրոնի ցուցահանդեսները և միջոցառումները, նրանց կառաջարկվեն հատուկ հրավերներ և շրջայցեր, որոնք թույլ կտան մեր գործընկերոջ բիզնես-կյանքը հարստացնել մշակույթով ու արվեստով: Այս կերպ մենք ոչ միայն հայտնում ենք մեր երախտագիտությունն աջակցության համար, այլև նախանշում ենք մեր պատրաստակամությունը հետագա փոխշահավետ համագործակցությանը», – հայտարարել է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ղեկավար Վահագն Մարաբյանը:
«Անցած տարվա փետրվարին մենք դարձել ենք «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի առաջին կորպորատիվ գործընկերը: Մեկ տարվա ընթացքում հազարավոր երեխաներ մայրաքաղաքից և մարզերից ծանոթացան թանգարանի մշտապես թարմացվող ցուցադրությանը, մասնակցեցին բազմաթիվ ստեղծագործական ծրագրերին` ոչ միայն տեսնելով, այլև իրենց ուժերը փորձելով արվեստում: Մեկ տարի անց կարելի է ասել, որ համագործակցության մեր փորձը` մատաղ սերնդի դաստիարակման գործում բիզնեսի և արվեստի գործընկերության հրաշալի օրինակ է: Ես շնորհակալ եմ Գաֆէսճեան արվեստի կենտրոնին համագործակցության արժեքավոր փորձի համար, որի շնորհիվ մեզ հաջողվել է լուրջ ներդրում ունենալ քաղաքի հասարակական-մշակութային կյանքում», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրենը:
Նշենք, որ 2011թ. ընթացքում «ԱրմենՏելի» աջակցությամբ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում իրականացվել են ստեղծագործական ծրագրեր, դասական երաժշտության համերգներ և այլ կրթական նախագծեր` ուղղված երեխաների և երիտասարդների գեղագիտական դաստիարակությանը:
Մասնավորապես, Կենտրոնում իրականացվել են 6-12 տարեկան երեխաների համար «Ստեղծագործականություն և երևակայություն» ծրագիրը` չեխ քանդակագործ Իվանա Շրամկովայի ցուցահանդեսի շրջանակներում, կրթական ծրագիր բարձր դասարանների աշակերտների համար` նվիրված գեղարվեստական ապակու առաջին հայ դիզայներ Հենրիկ Նիկոյանի ստեղծագործություններին, պատանեկան ստեղծագործական ծրագիր Սուրբ Զատիկի, գարնան և վերածննդի թեմաներով և այլն:
Ընդհանուր առմամբ` 2011թ. ընթացքում «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի կրթական ծրագրերին մասնակցել է ավելի քան 5000 երեխա:








































