Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը անդրադառնալով Երևան քաղաքի տրանսպորտային իրավիճակին՝ նշեց, որ, ծրագրի համաձայն, մեր երկրում սպասվում են ուղևորափոխադրումների ռադիկալ փոփոխություններ: Մեր քաղաքում 800-ով նվազելու են միկրոավտոբուսները, դրանց փոխարինելու են 240 չինական միջին չափի ավտոբուսներ, որոնք մոտ 2.5 անգամ ավելի մարդ կարող են տեղափոխել:
Արմեն Պողոսյանը սա համարեց դրական տեղաշարժ, սակայն մտահոգություն հայտնեց այն առիթով, որ դրանք ոչ թե մեծ, այլ միջին չափի են, որտեղ կանգնած մարդկանց թիվը շատ փոքր կլինի, ինչպես նաև դեռ չունեն միջազգային նորմերին համապատասխանող օդափոխության համակարգեր:
Նրա հավաստմամբ՝ եթե այսօր Երևանում գործում է 115 երթուղի, ապա նոր ավտոբուսներից հետո դրանց թիվը կհասնի 74-ի: Ըստ քաղաքապետարանի ծրագրի՝ միկրոավտոբուս-ավտոբուս հարաբերակցությունը 50-50 է: Պողոսյանը նշեց, որ հակված չէ հավատալու, քանի որ թվերն այլ բան են ցույց տալիս։ Արմեն Պողոսյանը նոր ավտոբուսների շահագործման հստակ ժամկետ չնշեց՝ ասելով. հավանաբար 3-4 ամսվա ընթացքում:
Վերջում նա իր մտահոգությունը կիսեց լրագրողների հետ՝ նշելով, որ մեր երկրում առհասարակ հոգեվարքի մեջ է էլեկտրոնային տրանսպորտը: Այսօր աշխարհում չկա մի զարգացած երկիր, որտեղ էլեկտրոնային տրանսպորտը չզարգանա մեծ չափով, մինչդեռ մեր երկրում մոտ 4,5 տոկոսով նվազում է դրա քանակը:









































