Մաշտոցի այգում մեծ աղմուկ է՝ ոչնչից. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական տվեց երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը` անդրադառնալով Մաշտոցի պուրակում կրպակների տեղադրման դեմ բարձրացած բողոքի մեծ ալիքին:
Նրա կարծիքով՝ Մաշտոցի պուրակի ակցիաները բնապահպանության հետ այնքան էլ կապ չունեն:
«Այլ խնդիրների շուրջ թող պայքարեն: Թող Նարեկիզմի դեմ պայքարեն: Իսկ այստեղ այդ կրպակները, ասում են, երկու տարի հետո քանդելու են: Ես Տարոնի նախկին տարածքը մտնում եմ՝ հաճույք եմ ստանում, շատ լավ տարածք է: Հավատում եմ նրա խոսքին: Տարոնը վատ բան անելու ունակ չէ: Նա իր խղճի դեմ գնացող մարդ չէ: Ես գնացի Մաշտոցի պուրակ, և եթե որևէ բան փորձեի հասկացնել, չէին լսի՝ շատ աղմուկ էր: Ես համեստ մարդ եմ, չեմ սիրում երևալ: Պետք է հրաժարական տան իշխանությունները և ասեն, որ չեն կարող կառավարել»,- նշեց բանախոսը:
Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին` Ռ. Հախվերդյանը այն համարեց աբսուրդ, խայտառակություն: «Ժողովի ժամանակ իմ խնամուն ասել են, որ ՀՀԿ անդամ չդառնալու դեպքում չի աշխատի: Նա աշխատում է 1-ին հիվանդանոցում»,- նշեց Ռուբեն Հախվերդյանը՝ զանգահարելու միջոցով հաստատելով նշած տեղեկությունը:
Համատեղ ասուլիսի ընթացքում ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանն ասաց. «Եթե նման բան է եղել, այդ հիվանդանոցի տնօրենին պետք է հեռացնել»: Նա փաստեր պահանջեց, պահանջեց, որ այդ մասին հայտնի նա, ում նման բան են առաջարկել: Ըստ նրա` սրանք անմիտ բամբասանքներ են, բամբասանքի տարածման դասական օրինակ:
Լուսանկարը` Bravo.am-ի









































