Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը լքել է ԱՄՆ տարածքը, որտեղ բուժում էր անցնում: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս տեղեկությունը հաստատել են Եմենի պաշտոնական անձինք: Նրանք սակայն չեն ճշտել, թե ուր է մեկնել Սալեհը:
Ավելի վաղ 69-ամյա նախագահը, որն արդեն գործնականում հրաժարվել է իշխանությունից, բազմիցս հայտարարել էր, որ պատրաստվում է մնալ Եմենում:
Սալեհը ԱՄՆ-ում է գտնվում հունվարի 28-ից, որտեղ նա բուժվում էր 2011 թ. հունիսին իր վրա հարձակման ժամանակ ստացված այրվածքներից:
Եմենում հակակառավարական ելույթները սկսվել են 2011 թ. հունվարին, իսկ նոյեմբերին արդեն երկիրը 33 տարի կառավարած Սալեհը ստորագրեց փաստաթուղթ, որով հանձնում էր իշխանությունը՝ փոխարենը ստանալով իր և իր ընտանիքի համար անձեռնմխելիություն:
Փետրվարի 21-ին Եմենում տեղի ունեցան ժամանակավոր նախագահի ընտրություններ, որը, ինչպես ենթադրվում է, երկիրը կղեկավարի 2 տարի, այնուհետև կանցկացվեն նոր նախագահական և խորհրդարանական ընտրություններ:
Քվեարկության պաշտոնական արդյունքներն առայժմ հայտնի չեն: Ընտրություններին մասնակցել է մեկ թեկնածու՝ փոխնախագահ Աբդուռաբ Մանսուր Հադին:








































