Կամերունի Բուբանջիդա ազգային արգելոցում, որը գտնվում է երկրի հյուսիսում, երկու ամսվա ընթացքում սպանվել է ավելի քան 400 փիղ: Արգելոցի ղեկավարությունն ասել է, որ կենդանիները ոչնչացվում են Սուդանից և Չադից այս տարածք ներխուժած որսագողների կողմից: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Բուբանջիդայի ղեկավարությունը հայտնել է, որ իրենք արդեն գտել են 458 սպանված կենդանի, սակայն այդ թիվն առաջիկայում կավելանա, քանի որ արգելոցի տարածքը հսկայական է` մոտ 200 հազար հեկտար, և անհրաժեշտ է շատ ժամանակ ամբողջական շրջայց կատարելու համար:
Արգելոցի ղեկավարության տեղեկություններով` որսագողները տեղափոխվում են ձիերով և օգտվում ավտոմատներից: Գործակալության փոխանցմամբ` Կամերունի իշխանությունները շոշափելի ոչինչ չեն անում` իրավիճակը շտկելու համար: Կենդանիները սպանվում են սև շուկայում փղոսկրի համար տրվող մեծ գումարների համար:









































