Սիրիայում ռազմական հանցագործությունները կատարվում են կառավարությունում և ուժային կառույցներում գտնվող «ամենաբարձր պաշտոնյաների» հրահանգով: Նման եզրահանգման է եկել ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովը, որը պետք է հետազոտեր Սիրիայում մարդու իրավունքների խախտման փաստերը:
Վերոնշյալ հանձնաժողովի ներկայացրած զեկույցում ասվում է, որ հստակ պաշտոնատար անձինք զինված ուժերին հրամայել են կրակել անզեն ցուցարարների վրա, կախել կրակել հրաժարվող զինծառայողներին, անպատճառ ձերբակալել քաղաքացիների, դաժան վերաբերվել ձերբակալվածներին:
Բրազիլացի պրոֆեսոր Պաուլո Պինեիրոյի ղեկավարությամբ հանձնաժողովը բացահայտել է նաև մի շարք հանցագործություններ, որոնք կատարվել են սիրիական Ազատ բանակի կողմից, այդ թվում՝ սպանություններ, առևանգումներ, սակայն ոչ այդքան մեծ մասշտաբներով:
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, ՄԱԿ-ի հանձնաժողովը գաղտնի ցուցակ է ստեղծել, որում տեղ են գտել սիրիացի պաշտոնյաների անուններ, ովքեր պատասխանատու են մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար: Գործակալությունը չի բացառում, որ այդ ցուցակը կարող է գլխավորել նախագահ Բաշար Ասադը:








































