Ֆրանսիական Լիմոժ քաղաքից 40 կմ հեռավորության վրա գտնվող դատարկված Կուրբեֆի գյուղը 330 հազար եվրոյով հանվել է վաճառքի: Գյուղը կարող է գնել յուրաքանչյուր ոք, ով պատրաստ կլինի վճարել նշված գումարը:
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, Կուրբեֆիում գտնվում է 19 շինություն, գյուղական ակումբ և սպորտային կոմպլեքս:
1970–ական թվականներին Ֆրանսիայում, ինչպես ամբողջ Եվրոպայում, գյուղի բնակչությունը սկսում է տեղափոխվել քաղաք, ինչի արդյունքում դատարկվում է նաև Կուրբեֆի գյուղը: Գյուղը հանգստավայրի վերածելու բոլոր փորձերը մատնվում են անհաջողության:
Գյուղի մերձակայքի բնակիչները երազում են, որ որևէ մեկը գնի գյուղ–ուրվականին և վերածնի նրա փառահեղ անցյալը: Գյուղի մոտ գտնվում են 13-րդ դարի ամրոցի ավերակներ:
Մոտակայքում ապրող բնակիչներից մեկը Le Figaro թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ շատ ցավալի է հետևել, թե ինչպես է ժամանակին մարդաշատ գյուղը ամայի դառնում:








































