ԵՊՀ ուսխորհուրդը չի մասնակցել Մաշտոցի այգու բնապահպանական ակցիային զուտ այն պատճառով, որ հարցը ստացել է քաղաքական ենթատեքստ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը և ավելացրեց, որ ուսանողները առանձին խմբերով գնացել են այգի, սակայն ուսխորհրդի ներկայացուցիչներ այնտեղ չեն եղել. «Ուսանողական խորհրդում այդ հարցը քննարկվել է։ Մենք կիսում ենք շատ ու շատ բնապահպանների կարծիքը, բայց երբ իմացանք, որ որոշ քաղաքական ուժեր են այնտեղ հայտնվել, հատկապես՝ ընդդիմադիր թևից, մտավախություն ունեցանք, որ դա քաղաքական ենթատեքստ ունի»:
Ուսխորհրդի նախագահը նշեց, որ իրենք այլ կերպ կօգնեն բնապահպաններին` Երևանում և հանրապետության ողջ տարածքում կտնկեն խորհրդանշական 2012 հատ ծառ, որպեսզի բնապահպանների առաջ քաշած հարցերին լուծում տան. «Մեր ուսանողական ռեսուրսներով խորհրդանշական 2012 հատ ծառ տնկելով` կմասնակցենք բնապահպանական ակցիային»:









































