Իրանական Shana կայքի փոխանցմամբ՝ Իրանը պատրաստ է վերականգնել Ֆրանսիային ու Մեծ Բրիտանիային իր նավթի մատակարարումները: Սակայն դա անելու համար անհրաժեշտ է, որ այդ երկրների հետ կնքվեն նավթի արտահանման երկարաժամկետ պայմանագրեր:
Այս մասին հայտարարել է Իրանի ազգային նավթային ընկերության ղեկավար Ահմադ Գալեբանին: Նա իր խոսքերը հասցեագրել է ֆրանսիական Total SA և բրիտանական BP PLC նավթագազային ընկերություններին: Գալեբանին հավելել է, որ իրենք շարունակելու են նավթ մատակարարել իտալական Eni SpA-ին:
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Իրանը դադարեցրել էր Ֆրանսիային ու Մեծ Բրիտանիային իր նավթի մատակարարումը: Փետրվարի 21-ին էլ Գալեբանին հայտարարել էր, որ իրանական նավթի մատակարարումը մի շարք եվրոպական երկրներին նույնպես կդադարեցվի, եթե Եվրոպան շարունակի հանդես գալ Իրանի դեմ:
Նա մանրամասնել էր, որ իրանական պատժամիջոցները կարող են վերաբերել Գերմանիային, Իսպանիային, Իտալիային, Հունաստանին, Պորտուգալիային և Նիդերլանդներին:






































