Պաղեստինցի հարյուրավոր բանտարկյալներ, որոնք բանտարկված են Իսրայելում առանց որևէ մեղադրանքի կամ դատաքննության, որոշել են բոյկոտել Իսրայելի դատարանները` այդկերպ փորձելով ազատ արձակվել: Նշենք, որ այդ բանտարկյալները գտնվում են, այսպես կոչված, վարչական կալանքի տակ:
Press TV-ն տեղեկացնում է, որ պաղեստինցի բանտարկյալների ակումբի` չորեքշաբթի օրը հրապարակած հայտարարության համաձայն, հաջորդ ամսվանից սկսած` ավելի քան 300 բանտարկյալներ կդադարեն ճանաչել Իսրայելի դատարանների որոշումը:
Այս որոշումն ընդունվել է պաղեստինցի բանտարկյալ Խադեր Ադնանի` 66 օր հացադուլ անելուց հետո: Նա հացադուլը դադարեցրել է երեքշաբթի օրը, երբ Իսրայելի իշխանությունները համաձայնվել են նրան ազատ արձակել:
Այս շարժման նպատակն է Իսրայելի իշխանություններին ստիպել դադարեցնել վարչական կալանքի գործընթացը: Նման պահանջով Իսրայելի կառավարությանն են դիմել նաև բազմաթիվ կազմակերպություններ, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբեր:










































