Ինչպես հաղորդում է AccuWeather օդերևութաբանական գործակալությունը, այս տարի ԱՄՆ-ում ավելի շատ տորնադոներ կգրանցվեն, քան անցած տարի: Գիտնականները կարծում են, որ տորնադոների թվի աճը պայմանավորված է գլոբալ տաքացման գործընթացներով, հատկապես Մեքսիկական ծոցում ջրի ջերմաստիճանի բարձրացմամբ:
Անցած տարի ԱՄՆ-ում գրանցվել է 1709 տորնադո, որի հետևանքով զոհվել է 550 մարդ, իսկ վնասը հասել է մոտ 29 մլրդ դոլարի: Ամենախոշոր աղետը գրանցվել է Միսուրի նահանգի Ջոփլին քաղաքում, որտեղ վնասը հասել է 2,2 մլրդ դոլարի: Գիտնականները նշում են, որ մարդկային և նյութական մեծ վնասները պայմանավորված են տորնադոների անցման ուղիների փոփոխությամբ:
Տեղեկացնենք նաև, որ ամենաշատ տորնադոները ԱՄՆ-ում գրանցվել են 2004թ.-ին` 1817, իսկ միջին տարեկան ցուցանիշը կազմում է 1300 տորնադո:








































