ՌԴ նախագահի թեկնածու, «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը չի բացառում, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կաջակցի իր մրցակցին` Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովին:
«Եթե Գենադի Անդրեևիչն ինձ համոզի, որ ինքն իրոք պատրաստ է հաղթել և չի վախենում, ես պատրաստ կլինեմ կոչ անել ու քվեարկել Զյուգանովի օգտին, սակայն սկզբում պետք է համոզվեմ իր մտադրությունների անկեղծության և անդրդվելիության մեջ»,- լրագրողների հարցին Միրոնովի պատասխանը մեջբերում է Интерфакс-ը:
Միրոնովի խոսքերով՝ եթե ընտրությունները երկու փուլով տեղի ունենան, և ինքը չհայտնվի երկրորդ փուլում, ապա այդ դեպքում նա մտադիր չէ աջակցել ո՛չ Վլադիմիր Պուտինին, ո՛չ Վլադիմիր Ժիրինովսկուն և ո՛չ էլ Միխայիլ Պրոխորովին:
Միաժամանակ Միրոնովն ընդգծել է, որ դեռ ցանկություն չունի Զյուգանովի օգտին քվեարկելու կոչ անել, «քանի որ ինքը վստահ չէ, որ Գենադի Անդրեևիչը պատրաստ է հաղթել ընտրություններում և չվախենալ, ինչպես դա եղավ 96 թվականին»:
ՌԴ կոմունիստական կուսակցության ղեկավարությունը «բացառապես դրական» է ընդունել Միրոնովի հայտարարությունը: «Պարոն Միրոնովի հայտարարությունը պրագմատիկ է: Պարզ է, որ Զյուգանովն ունի բարձր վարկանիշ և հաղթանակի հնարավորություն»,- լրագրողներին ասել է կոմունիստական կուսակցության փոխնախագահ, Պետդումայի առաջին փոխխոսնակ Իվան Մելնիկովը:









































