Կահիրեի քրեական դատարանը, դատավոր Ահմադ Ռիֆաաթի նախագահությամբ, պատրաստվում է չորեքշաբթի վերջին նիստն անցկացնել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի, նրա որդիներ Ալայի և Գամալի, երկրի ներքին գործերի նախարար Հաբիբ ԱԼ-Ադլիի և ոստիկանության 6 բարձրաստիճան պաշտոնյաների գործով, որից հետո դատավճիռ կկայացվի:
Ինչպես հաղորդում է RIA-Novosti-ն, վերջին նիստը կտրամադրվի մեղադրյալների պաշտպանությանը:
Երեկ Եգիպտոս են ժամանել 5 քուվեյթցի փաստաբաններ, որոնք մտնում են Եգիպտոսի նախկին նախագահի փաստաբանների խմբի մեջ: Նրանք, ամենայն հավանականությամբ, կնախապատրաստվեն փաստաբանների եզրափակիչ խոսքին: Եգիպտական օրենքի համաձայն՝ մեղադրյալների փաստաբանների առարկություններով ավարտվում է դատական գործընթացը: Դա, ինչպես նաև դատախազի եզրափակիչ խոսքը ներկայացվում է գրավոր տեսքով և բարձրաձայն ընթերցվում փաստաբանների խմբի ներկայացուցչի կողմից:
Փետրվարի 20-ին դատարանը լսել է դատախազաության կողմի առարկությունները: Մեղադրող կողմը հայտարարել է, որ Մուբարաքը և նրա հետ մեղադրյալի աթոռին գտնվողները մեղավոր են և արժանի են ամենախիստ պատժին: Մասնավորապես՝ դատախազը Մուբարաքի համար պահանջել է մահապատիժ:
Վերջին դատական նիստի ավարտից հետո դատավորը կնշանակի դատավճռի օրը:
Հիշեցնենք, Մուբարաքի դեմ դատավարությունը սկսվել է 2011 թ. օգոստոսից: Նախկին նախագահը մեղադրվում է կոռուպցիայի և հեղափոխության օրերին ցուցարարների վրա կրակելու հրաման արձակելու մեջ:








































