Քաբուլում ԱՄՆ դեսպանատան գործունեությունը խաթարվել է, աշխատակիցներին արգելվել է լքել դիվանագիտական առաքելության տարածքը՝ կապված Ղուրան այրելու պատճառով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դեմ ամբողջ երկրով մեկ սկսված բողոքի ցույցերի հետ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Twitter-ում դեսպանատան պաշտոնական էջի հայտարարությունը:
Ցույցերի ժամանակ հնչում են «Մահ Ամերիկային» բացականչություններ:
Հարյուրավոր աֆղաններ երեկվանից անկարգություններ են սկսել երկրի մայրաքաղաքում՝ կոտրելով խանութների ցուցափեղկերը և կայանած մեքենաների ապակիները: Դրանով նրանք իրենց բողոքն են արտահայտում ամերիկացի զինվորների կողմից մուսուլմանական սուրբ գիրքն այրելու դեմ:
Ոստիկանությունը փակել է երթևեկությունն ավտոճանապարհներին և ցուցարարներին թույլ չի տալիս մտնել քաղաքի կենտրոն, որտեղ գտնվում են խոշոր խանութներ, բանկեր և պետական հաստատություններ:
Աֆղանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ոստիկանության և ցուցարարների միջև բախումներում վիրավորվել է 8-11 մարդ:
Նշենք, որ ամերիկացի զինվորների այդ վարքի համար արդեն ներողություն է խնդրել Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան:









































