Մաշտոցի այգում շինարարությունը դադարեցված է, բայց դա ոչինչ չի նշանակում. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: Ըստ նրա՝ պուրակում էլիտար կրպակների շինարարության դադարեցումը նպատակ ունի մեղմել շինարարության դեմ բարձրացած բողոքի ալիքը, սակայն նա հաստատեց, որ Մաշտոցի պուրակում միջոցառումները շարունակվելու են, և պուրակի պաշտպանները պայքարելու են մինչև տեղադրված էլիտար կրպակների ապամոնտաժումը:
Այս պահին Մաշտոցի պուրակում են նաև բնապահպան ակտիվիստ Ռուզան Գրիգորյանը, երեկ հացադուլ հայտարարած Բայանդուր Պողոսյանը և մի շարք ակտիվիստ երիտասարդներ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բայանդուր Պողոսյանը պարզաբանեց, թե ինչու դադարեցրեց 8-օրյա հացադուլը: «Դրա համար երկու դրդապատճառ կար: Նախ՝ երեկ Կենտրոնի ոստիկանության փոխգնդապետը հայտարարեց, որ շինարարությունը դադարեցվում է, և երկրորդ՝ ինձ ասացին, որ հացադուլի կարելի է դիմել ծայրահեղ դեպքում, երբ այլևս ոչ մի լուծում չկա»,- նշեց Բայանդուր Պողոսյանը:
Այսօր Մաշտոցի պուրակի պաշտպանները նախատեսում են մի շարք միջոցառումներ: Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Ռուզան Գրիգորյանը՝ Մաշտոցի պուրակում նախատեսվում են հետևյալ միջոցառումները. ժամը 13:00-14:00-ին համերգ՝ կիթառով, 15:00-ին՝ «Ձևակերպելով հանրային տարածքը» ստեղծագործական մտախաղ,
17:00-ին՝ «Քաղաքացիական ամբիոն».
Երևանի քաղաքային մշակույթը. հանրային տարածք.
հանդիպում ազգագրագետ Աղասի Թադևոսյանի հետ։









































