Առնվազն 100 մարդ է զոհվել փետրվարի 21-ին Սիրիայի Հոմս քաղաքում տեղի ունեցող բախումների, ինչպես նաև Իդլիբ նահանգի որոշ բնակավայրերի ռմբակոծության հետևանքով: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը` հղում կատարելով Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչներին: Նշվում է, որ զոհվածների մեջ կան կանայք և երեխաներ: Այլ անկախ աղբյուրներից այս տեղեկությունը ստուգել չի հաջողվել:
Հիշեցնենք, որ արդեն մոտ մեկ տարի տևող բախումների հիմնական թատերաբեմը վերջին շրջանում տեղափոխվել է Հոմս քաղաք, որի սուննիական թաղամասերը, որտեղ կազմակերպվել է դիմադրությունը, գտնվում են մշտական ռմբակոծության տակ:
ՄԱԿ-ի տեղեկություններով` վերջին մեկ տարվա ընթացքում Սիրիայում սպանվել է 5000 մարդ, իսկ սիրիական իշխանությունները հաղորդում են 2000 զինծառայողի և անվտանգության ուժերի ներկայացուցիչների սպանության մասին:









































