Կառվարության կողմից գյուղացիներին դիզվառելիքի և ազոտական պարարտանյութերի սուբսիդավորումն Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դրական գնահատեց, սակայն շեշտեց՝ եթե մեկանգամյա միջոցառում չէ: Ըստ նրա՝ ամբողջ աշխարհում դիզվառելիքն ու պարարտանյութը սուբսիդավորվում են, և դա լավ ազդեցություն է թողնում գյուղի վրա:
Նա նշեց, որ ավելի լավ կլիներ, եթե ավելի շատ սուբսիդավորեր, բայց «ինչ ունենք, այն ունենք»: «Ամեն դեպքում կառավարությունը փորձում է ինչ-որ քայլ անել: Ժամանակը ցույց կտա՝ 1 տարվա՞ ծրագիր է, թե՞ հետևողական կլինեն»,- ասաց Հ. Բերբերյանը:
Նրա կարծիքով՝ պարարտանյութի խմբաքանակը քիչ է և առնվազն 10 հզ. տոննայով պետք է ավելացվի: Հ. Բերբերյանը նաև շատ կարևորեց, որ հայտարարված գնով (1 լիտր դիզվառելիքը՝ 350 դրամ, 1 պարկ պարարտանյութը՝ 6 հզ. դրամ) գյուղացուն հասնի. «Տեղեկություններ ունենք, որ արդեն Գեղարքունիքի, Շիրակի և այլ մարզերում չինովնիկները գյուղացիներից 6.5 հզ. են գանձում»:
Հիշեցնենք, որ մինչև ապրիլի 10-ը Հայաստան է ներկրվելու մոտ 25 հզ. տոննա ազոտական պարարտանյութ և 12 հզ. տոննա դիզվառելիք: