Այսօր էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, թե ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արթուր Աղաբեկյանը, ամենայն հավանականությամբ, ընդգրկված չի լինի ՀՅԴ համամասնական ցուցակում: Նշվել էր նաև, որ Աղաբեկյանը ասել է, թե ինքը թեև կմասնակցի ընտրարշավին, սակայն ՀՅԴ նիստերից մեկի ժամանակ հրապարակային հայտարարել է, որ ցանկություն չունի ընդգրկվել ՀՅԴ համամասնական ցուցակում, ըստ այդմ՝ պատգամավոր դառնալ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ա. Աղաբեկյանն այս առնչությամբ մեկնաբանեց. «Կարող է՝ խոսել եմ ընկերական շրջապատում, բայց նման վերջնական որոշում չեմ կայացրել: Իրականում վերջնական որոշում չունեմ, որովհետև Արցախում մեծ անելիքներ ունեմ: Իրականում մասնակցություն եմ ունենալու և վստահ եմ, որ իմ մասնակցությամբ մեծ դեր եմ խաղալու, որպեսզի Դաշնակցությունը լուրջ տեղ զբաղեցնի ապագա Ազգային ժողովում»: ՀՅԴ պատգամավորը խոստացավ, եթե կոնկրետ որոշում ունենա, բարձրաձայն և հրապարակային կհայտնի այդ մասին:







































