Աննախադեպ ցրտերի պատճառով ՀՀ որոշ զորամասերում կան թոքաբորբի դեպքեր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արտաշես Փարսադանյանը՝ պատասխանելով հարցին, թե հավաստի՞ են տեղեկությունները, որ Ստեփանակերտի մոտ գտնվող զորամասերից մեկում թոքաբորբով հիվանդացել են միանգամից մի քանի զինվորներ, և հիվանդությունը զանգվածային բնույթ է կրում:
«Հիվանդները բուժվում են ՀՀ ԶՈւ հոսպիտալներում: Ձեռնարկվում են համապատասխան անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ»,- հավաստիացրեց նա:
Նշենք, որ 2012 թ. փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում թոքաբորբի պատճառով ԼՂՀ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող էր մահացել՝ շարքային Նարեկ Արթուրի Մարտիրոսյանը:
Նարեկ Մարտիրոսյանը զինվորական հոսպիտալ է ընդունվել 2012 թվականի փետրվարի 16-ին՝ «երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ, էքսուդատիվ պլևրիտ» և անբավարար շնչառություն ախտորոշմամբ:
Փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նշենք, որ ըստ «Հայացք» թերթի՝ Ստեփանակերտի մոտ գտնվող զորամասերից մեկում թոքաբորբով հիվանդացել են միանգամից մի քանի զինվորներ:






































