Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի գյուղատնտեսի և լրագրողներից մեկի միջև:
«Կենտրոն կանաչապատման» գյուղատնտեսը Մաշտոցի պուրակ էր այցելել ծառերի վիճակին ծանոթանալու համար: Նա ակցիայի մասնակիցներին վստահեցրեց, որ ծառերը վնասված չեն:
Արման Վերմիշյանի հետ զրույցի ժամանակ նա վրդովվեց այն պահին, երբ լրագրողը փորձեց նկարահանել նրանց զրույցը և հարցեր ուղղեց: Նա փորձեց ձնագնդով հարվածել լրագրողուհուն: Լրագրողների և ակտիվիստների հարցին, թե ով է ինքը, չցանկացավ ներկայանալ և հակադարձեց՝ «Բա դուք ո՞վ եք»:
Այս պահին նստացույցը շարունակվում է, և ակցիայի մասնակիցներին են միացել գրողներ Վիոլետ Գրիգորյանը, Մարինե Պետրոսյանը և այլք:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վիոլետ Գրիգորյանը նշեց, որ սատարում է Մաշտոցի պուրակում ակցիա անցկացնող երիտասարդներին և կիսում նրանց բոլոր մտահոգությունները: Այն հարցին, թե ինչպես է գնահատում քաղաքապետի այն պնդումը, թե կրպակները ժամանակավոր են, պատասխանեց. «Ով կարող է երաշխավորել, որ այս կրպակները ժամանակավոր բնույթ ունեն»:
Այս պահին ակտիվիստները Մաշտոցի պուրակում կրում են «Արգելանոց» գրությամբ պլակատներ:








































