«Հանելուկների երկրում ենք ապրում. Միացյալ Նահանգներից Հայաստան կոնգրեսմեն է գալիս թեյ խմելու և հայտարարում, որ Սերժ Սարգսյանը պետք է ռեգիոնում մնացածներին օրինակ ծառայի: Միացյալ Նահանգների դեսպանն էլ գնում է ընդամենը մի ընտրատեղամաս, ասում է՝ ժողովրդավարական երկրում ենք ապրում: Բայց դու տանը նստած՝ չես իմանում` քո տան տե՞րն ես, թե՞ ոչ, որովհետև կգա մի ապիկար` ձեռքին մի փաստաթուղթ և կասի, որ ինքն է տան սեփականատերը»,- այսօրվա ասուլիսում իր դժգոհությունները հայտնեց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
Ըստ նրա՝ այսօր օրենքը դարձրել են տձև մի բան, որն ինչպես ուզեն՝ կշրջեն: «Եթե ունենայինք օրենք, մինչև անձնագիրը չներկայացնեին, ոչ մի ստահակ չէր կարող գնալ, գրանցվել մեր փոխարեն, բայց դա հատուկ արված է, որովհետև առջևում ընտրություններ են. վաղը կասեն` ՍԴՀԿ-ն, Պերկուպեկյանը, որը չի ստորագրել ՀԱԿ-ի հռչակագիրը, և ամբողջ ցուցակը կգցեն հարցականի տալ: Այսինքն՝ իշխանությունը մտածված ապագային միտված քայլեր է անում: Եթե ՀՀԿ-ն մնա իշխանության, մի հիսուն հատ ՍԴՀԿ, մի 200 հատ ՀՌԱԿ կլինեն»,- ընդգծեց Գ. Եղիազարյանը:
Անդրադառնալով Հրազդանի ընտրություններին` նա նշեց, որ Հրազդանի բնակչության 95%-ը գործազուրկ է, և եթե այսպես շարունակվի, եկող ընտրություններին 2000 դրամն էլ մարդկանց բավարար կլինի, այնքան, որ ի վիճակի կլինեն մի քանի հատ հաց գնել. «Մարդկանց հասցնում են սովի եզրին, գցում անելանելի վիճակի մեջ»:









































