Այս պահին Մաշտոցի պուրակում հավաքված՝ մոտավորապես 50 ակտիվիստները քննարկում են, որ տեղի ունեցող շինարարությունը անօրինական է և չի համապատասխանում տարրական շինարարական նորմերին: Ակտիվիստների պնդմամբ՝ հասարակությունը պետք է շարունակի իր պահանջատիրությունը և իր օրինական իրավունքների իրացումը:
էլիտար կրպակների շինարարության մոտ բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյանը մտահոգություն հայտնեց, որ շինարարության արդյունքում վնասվել են հաստաբուն սոճիների բները և արմատները:
Նա նաև փորձեց մոտենալ շինարարության հատվածում «բանտարկված» ծառերին, սակայն Կենտրոնի իրավապահ մարմինների ներկայացուցիչները թույլ չտվեցին:
Շինարարության պատասխանատուն հավելեց, որ ինքը նման թույլտվություն չի կարող տալ, քանի որ անվտանգության պահպանողը չէ, սակայն կարող է ասել, որ շինարարությունը ոչ մի կերպ չի վնասել ծառերին:
«Մի փչացրեք ծառերի արմատները» կոչով և բացականչություններով ակտիվիստները շինարարներին հորդորում են ծառերը անվտանգ պահել:
Հիշեցնենք, որ պուրակներում կարելի է տաղավարներ տեղադրել ծառերից միայն 5 մետր հեռավորության վրա, սակայն այս դեպքում այդ նորմը պահպանված չէ:
Արման Վերմիշյանը նաև տարօրինակ համարեց այդ մարդկանց, ովքեր Մաշտոցի այգուց ակտիվիստների հեռանալուն պես շարունակել են շինարարությունը ոստիկանների հսկողության տակ: Գիշերը շինարարությունը մեծ թափով է շարունակվել, կրպակներն արդեն կիսակառույց են, տեղադրված են ապակիները և տանիքն ամբողջությամբ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ակտիվիստներից մեկը նշեց, որ օրվա ընթացքում Մաշոտցի պուրակի պաշտպանները նախատեսում են պուրակի պաշտպանությանն ուղղված ֆլեշմոբ կազմակերպել, սակայն ճշգրիտ ժամը չնշեց:
Այս պահին նստացույցը շարունակվում է հայրենասիրական երգերով և ՀՀ հիմնով:










































