Հայաստանի նախկին ոստիկանապետ, նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Ալիկ Սարգսյանը նշել է, որ ինքը երբևէ Մարգար Օհանյանին չի հետապնդել:
«Իմ կարծիքով ինքը անարդարացի է, և իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ է անում, բայց ես ըմբռնումով եմ մոտենում», – ասաց Ալիկ Սարգսյանը:
Այսինքն դուք չե՞ք հետապնդել Մարգար Օհանյանին, հաշվի առնելով, որ նա հակադրվել է Ձեր կադրային նշանակումներին և այլ անհամաձայնություններ է ունեցել Ձեզ հետ:
Ա.Ս. – «Չէ, որևիցէ էդպիսի խնդիր ես չեմ կարողանում հիշեմ ու մտաբերեմ, որ որևիցե հետապնդում ես նրա նկատմամբ իրականացրել եմ»:
Դուք ասել ե՞ք, որ նա գա, ընկնի ձեր ոտքերը, որպեսզի ներեք իրեն:
Ա.Ս. – «Ես էդպիսի բան երբեք չեմ ասել և չեմ էլ ակնարկել: Նրա ցուցմունքը իրականությանը չի համապատասխանում: Ես նրա հետ որևիցե անգամ խնդիր չեմ ունեցել: Ամբողջ համակարգը այդ մասին գիտի»:
Իսկ աշխատանքից ազատե՞լ եք Մարգար Օհանյանի հարազատներին և բարեկամներին, ովքեր շփվել են նրա հետ:
Ա.Ս. – «Չէ, եթե մարդիկ ազատվում են աշխատանքից, ապա ծառայական պարտականությունների հետ կապված են ազատվում: Միգուցե քրեական գործի առնչությամբ որոշ մարդկանց գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է կամ ազատվել են զբաղեցրած պաշտոնից, գործի շահերից ելնելով վերցրել ենք կադրերի տակ, բայց նման հետապնդում նրա նկատմամբ չի իրականացվել, երբևէ»:
Այդ դեպքում ինչո՞ւ է Մարգար Օհանյանը հայտարարում, որ հետապնդել եք իրեն:
Ա.Ս. – «Ես չգիտեմ, դա իրեն կհարցնեք»:
Իսկ ճի՞շտ է, որ դուք նրա հեռախոսազանգերին չեք պատասխանել:
Ա.Ս. – «Նման բան երբեք չի եղել, նա ընդամենը մի անգամ է ինձ զանգահարել գործով որևիցե բան զեկուցելու` խոսել է իմ աշխատակիցների հետ: Ընդամենը մեկ անգամ, ուրիշ հեռախոսազանգ ես չեմ հիշում և երբևէ չի եղել: Որևէ դեպք չի եղել, որ մեկի զանգին չպատասխանեմ, այն էլ իմ աշխատակիցների, իմ գործընկերների, որոնց հետ ամեն օր կապի մեջ եմ եղել»:
Դուք նորից պնդո՞ւմ եք, թե կցանկանայիք Մարգար Օհանյանին տեսնել ազատության մեջ, որպեսզի փոխվեր նրա խափանման միջոցը:
Ա.Ս. – «Ես այս ամեն ինչից հետո ոչ մի բան այլևս չեմ ուզում: Օրենքը կորոշի, ինքն էլ թող օրենքի առաջ պատասխան տա: Ես որևիցե բան չունեմ ասելու, արդեն նույնիսկ մարդկային, էմոցիոնալ որևիցե բան ևս չեմ ուզում ասել»:









































