Ինչպես գրում է The Local պարբերականը, Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Գերմանիայի ամենափնտրված հանցագործին` Թոման Ֆելդհոֆերին:
Նա ձերբակալվել է փետրվարի 19-ին Լյուբեկ քաղաքից ոչ հեռու: Հանցագործը մի քանի ամիս շարունակ թաքնվում էր ոստիկանությունից `մի շարք զինված կողոպուտներ իրականացնելուց հետո:
Փետրվարի 18-ի երեկոյան Ֆելդհոֆերը Համբուրգում հերթական հանցագործությունն է կատարել՝ առևանգելով մի մեքենա: Նոր ստացված տվյալների շնորհիվ ոստիկանությանը, ի վերջո, հաջողվեց դուրս գալ հանցագործի հետքի վրա:
Արդեն մի քանի ամիս էր, ինչ ոստիկանությունը ամբողջ Եվրոպայով մեկ փնտրում էր Ֆելդհոֆերին: Նա հետախուզման մեջ էր այն բանից հետո, երբ 2011 թ. դեկտեմբերին ավտոբուս առևանգեց և կողոպտեց բոլոր ուղևորներին: Բացի դրանից, նա մեղադրվում է նաև Գերմանիայի տարբեր մասերում բանկի, ավտոլցակայանների, խանութների մի քանի կողոպուտների մեջ:
Ֆելդհոֆերը շարունակ տեղից տեղ էր տեղափոխվում, ուստի ոստիկանությունը չէր հասցնում հետևել նրա տեղաշարժին: Ընդ որում՝ նա գրեթե միշտ տեղաշարժվում էր գողացված մեքենաներով:








































