Փետրվարի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ավանդական առաջին դասախոսությամբ է հանդես եկել ԱԳՆ դիվանագիտական դպրոցի նոր ունկնդիրների առջև:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դիվանագիտական դպրոցի 27 ունկնդիրներն ընտրվել են մոտ 150 դիմորդների շարքից գրավոր և բանավոր քննությունների արդյունքում: Շրջանավարտներից լավագույնները, ընդունված կարգի համաձայն, կդառնան դիվանագետ և աշխատանքի կանցնեն ՀՀ ԱԳ նախարարության համակարգում:
Է. Նալբանդյանը նշել է, որ սա արդեն ունկնդիրների երրորդ սերունդն է, որոնց առջև Դիվանագիտական դպրոցն իր դռներն է բացում: Նախարարը ընդգծել է, որ դիվանագիտական դպրոցում դասավանդելու են միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության, միջազգային իրավունքի տարբեր երկրների լավագույն մասնագետները, իսկ ԱԳՆ ընդունված շրջանավարտները հնարավորություն կունենան վերապատրաստվելու նաև արտերկրում:










































