ՀՅԴ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը լիովին ճիշտ բնորոշեց Policy Forum Armenia-ի (PFA) օրերս հրապարակած «Հայաստան. կանխենք տնտեսական աղետը» զեկույցում տեղ գտած գնահատականները: «Ֆորումի զեկույցում տրված ՀՀ սոցիալ-տնտեսական գնահատականն ամբողջությամբ համապատասխանում է մեր տված գնահատականին»:
Կառավարության հրաժարականի նպատակով ՀՅԴ նախաձեռնությանը զեկույցում տեղ գտած անդրադարձը (…այս քայլը, եթե անգամ ձեռնարկվի, գրեթե ոչնչի չի հանգեցնի, քանի դեռ քաղաքական փոփոխությունները բարձր ատյաններում տեղի չեն ունեցել), Ա.Մինասյանի գնահատականով, «սուբյեկտիվ կարծիք» է. «Չպետք է մտածել, որ ամեն ինչ պետք է իրականացվի միայն այնպիսի փոփոխություններով, որոնք բերելու են ողջ համակարգի փոփոխությունների: Եթե հնարավոր է այսօր արդեն դնել նման պահանջ, մենք դնում ենք դա`կառավարության հրաժարականի պահանջը: Եվ մեր պահանջը հիմնավորված է այն տեսակետից, որ կառավարությունը չի կատարել իր խոստումները, շեղվել է ԱԺ կողմից հավանության արժանացած գործունեության ծրագրից և հասարակության սոցիալ-տնտեսական վիճակն էլ ավելի վատացել է»:
Ա. Մինասյանը նշեց, որ իրենց պահանջն է, որ օր առաջ կառավարության գործունեությունը համապատասխանեցվի Սահմանադրության նորմերին, այն է՝ առաջնորդվել բացառապես ԱԺ կողմից հավանության արժանացած ծրագրային դրույթներով: Ըստ նրա՝ դա կարող է բերել քաղաքական փոփոխությունների, և հաշվի առնելով, որ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, ինչը բերելու է նաև կառավարության նոր կազմի ձևավորմանը, ՀՅԴ գլխավոր խնդիրն է լինելու հասարակությանը ներկայացնել իրական պատկերը թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ քաղաքական համակարգերի փոփոխության առումով:









































