Չինաստանը հանում է հոլիվուդյան ֆիլմերի ցուցադրության սահմանափակումները երկրում: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նման համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՆ-ի և Չինաստանի փոխնախագահներ Ջոզեֆ Բայդենի և Սի Ցզինպինի միջև:
«Չինաստանի հետ այս համաձայնությունը կթեթևացնի մի շարք ամերիկյան կինոստուդիաների և անկախ ռեժիսորների կյանքը և աշխատատեղեր կավելացնի ինչպես ԿԺՀ-ում, այնպես էլ ԱՄՆ-ում»,- հայտարարել է Բայդենը:
Մինչ այժմ Չինաստանում թույլատրվում էր ցուցադրել տարեկան ոչ ավելի, քան 20 արտասահմանյան ֆիլմ, օրվա որոշակի ժամերի արգելվում էր արտասահմանյան հեռուստասերիալների ցուցադրությունը: Այս դրությունը դեռ 2009 թ. առաջացրեց Առևտրի համաշխարհային կազմակերպության դժգոհությունը, սակայն մինչ այժմ չէր հաջողվում որևէ համաձայնության գալ:
Այնուամենայնիվ, արտասահմանյան կինոարտադրողները շրջանցում էին օրենքը՝ ֆիլմեր նկարահանելով Չինաստանի հետ համատեղ: Այդպիսի հաջող համագործակցության օրինակ է Չժան Իմոուի և Քրիստիան Բեյլի «Պատերազմի ծաղիկները» ֆիլմը, որը վարձույթում հավաքեց 93 մլն դոլար:
Չինական կինոշուկան համարվում է ամենահեռանկարայինն աշխարհում. նրա ծավալը 2011 թ. տվյալներով գերազանցել է 2 մլրդ դոլարը:










































