Հունվարի 16-ին Թբիլիսիում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց և գործարարների մասնակցությամբ տեղի ունեցավ բիզնես-ֆորում, որը կազմակերպել էին Վրաստանի ներդրումային ազգային գործակալությունը, TOBB թուրքական կազմակերպությունը և արտահանման ու ներդրումների խրախուսման ադրբեջանական հիմնադրամը…
Ֆորումին ներկա պատվիրակությունները ղեկավարում էին վրացական կողմից` էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան, Թուրքիայից` էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը և Ադրբեջանից` տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաևը… Վրացական և ադրբեջանական լրատվական գործակալությունների փոխանցմամբ, ֆորումին մասնակցել են գյուղատնտեսության, շինարարության, էներգետիկայի, դեղագործության և մանածագործական արդյունաբերության ոլորտներում աշխատող 200-ից ավելի գործարարներ…
Ադրբեջանցի նախարար Շ. Մուստաֆաևը հայտարարել է, թե Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունները ռազմավարական բնույթ են ստացել… «Ես շատ բարձր եմ գնահատում այս եռակողմ ֆորումը, այն մեր տնտեսական կապերի ընդարձակմանն ուղղված ևս մեկ քայլ է: Ի դեպ, նշեմ, որ այս նախաձեռնության հեղինակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է»: Ադրբեջանցի նախարարը նշել է, որ այժմ երեք երկրներն իրականացնում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման ծրագիրը… «Հուսով եմ, որ Կարսից երկաթգիծը կշարունակվի դեպի Նախիջևան, և այդպես Ադրբեջանի ու Նախիջևանի երկաթուղային հաղորդակցությունը կվերականգնվի»,- ասել է Շահին Մուստաֆաևը…
Շ. Մուստաֆաևին, ինչպես նաև Զ. Չաղլայանին ընդունել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին… «Վրաստանում Ադրբեջանի ներդրումները 800 միլիոն դոլարի են հասել: Դա նշանակում է հազարավոր նոր աշխատատեղեր և տնտեսության զարգացում: Այդ ներդրումները մեր քաղաքացիներից շատերին ապագայի հանդեպ հույս են ներշնչել»,- ասել է Սահակաշվիլին` առանձնահատուկ կարևորելով Ադրբեջանի ներդրումը Վրաստանի գազաֆիկացման գործում…
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի, Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի և Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուսթաֆաևի հետ հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան: Նշյալ հանդիպմանը Սահակաշվիլին կարևորել է երեք երկրների միջև իրականացվող տնտեսական նախագծերը և առանձնացրել կառուցվող «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգիծը: Սահակաշվիլին այն անվանել է երեք երկրների խորհրդանիշ՝ ընդգծելով, որ այն շահագործման կհանձնվի հաջորդ տարի և Վրաստանի ու Ադրբեջանի առջև դռներ կբացի դեպի Եվրոպա: Նա հավելել է նաև, որ փաստացի Թուրքիան Վրաստանի ու Ադրբեջանի համար կվերածվի դեպի Եվրոպա տանող դռան:
Թբիլիսյան ֆորումում, իհարկե, քաղաքական խնդիրներ են արծարծվել… «Մենք մեկ ժողովուրդ ենք, երկու պետություն, և քանի դեռ չի լուծվել Ղարաբաղի հարցը, քանի դեռ շարունակվում է հայերի կողմից ադրբեջանական տարածքի բռնազավթումը, Թուրքիան չի կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ»,- հայտարարել է էկոնոմիկայի նախարար Զ. Չաղլայանը և հավելել. «Մեր վիշտն ու ուրախությունը ընդհանուր են… Ոչ ոք չի կարող սասանել Ադրբեջանի հետ մեր բարեկամությունն ու եղբայրությունը… Թուրքիան մեկ միլիմետրով իսկ չի նահանջի այդ դիրքից»…
Այն փաստը, որ Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային նախագծերից, այժմ դուրս է մղված էներգետիկ ու տրանսպորտային գործող ծրագրերից` այդ մասին բազմիցս ասվել է: Սակայն, այնուամենայնիվ, պետք է ամրագրել, որ տարածաշրջանային համագործակցությունը լիարժեք չէ առանց Հայաստանի մասնակցության, և հետևաբար որևէ խոսք չի կարելի ասել տարածաշրջանային անվտանգության մասին:
«Առաջին լրատվական»-ը այս առթիվ զրուցեց վրացի քաղաքագետ Տորնիկե Շարաշենիձեի հետ: Նախ հետաքրքրվեցինք, թե Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունը ինչ արդյունքներ է արձանագրել վերջին տարիներին. «Մեզ մոտ գործում է ազատ առևտրի ռեժիմ և ազատ վիզային ռեժիմ Թուրքիայի հետ: Իհարկե կա նաև համագործակցության բարձր մակարդակ միջազգային ասպարեզում, և սրանք կոնկրետ արդյունքներ են»: Մեր հարցին` Հայաստանի չմասնակցությունը տարածաշրջանային ծրագրերում բացասական հետևանքներ չի՞ ունենում արդյոք, թե՞ Հայաստանի կարիքը չի էլ զգացվում, և համագործակցությունը երեք երկրների միջև արդյունավետ է անգամ առանց Հայաստանի. «Իհարկե ավելի լավ կլիներ, եթե բոլոր կողմերը մասնակից լինեին տարածաշրջանային համագործակցությանը, կոնկրետ ծրագրերին, նախագծերին: Վրաստանը շահագրգռված է, որ բոլոր կողմերը մասնակցեն, և մեզ չի ուրախացնում այն փաստը, որ Հայաստանը դուրս է մնում նախաձեռնություններից` Ադրբեջանի հետ կոնֆլիկտի պատճառով: Ես վստահ եմ, որ թե՛ Վրաստանի նախագահը, թե՛ կառավարությունը և թե՛ վրաց հասարակությունը կողմնակից են Հայաստանի` տարածաշրջանային ծրագրերի ներգրավմանը»: Իսկ ի՞նչն է խանգարում ընդհանուր առմամբ տարածաշրջանային լիակատար համագործակցությանը, անվտանգության միասնական համակարգի ձևավորմանը, հարցրինք վրացի քաղաքագետին:
«Նախևառաջ հիմնական պատճառներից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցն է: Մինչդեռ Վրաստանը դեռ ժամանակին համարում էր, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը հնարավորություն է համաշխարհային շուկա դուրս գալու և համաշխարհային տնտեսական համագործակցության ուղի դարձնելու: Այժմ Ադրբեջանը մեզ համար կարևոր գործընկեր է: Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանն իր տնտեսությամբ, հայտնի պատճառներով, դուրս է մղվում տարածաշրջանային համագործակցությունից, և այստեղ Ռուսաստանի գործոնն էլ կա: Պարզ է, որ Ռուսաստանն իր գործերով է զբաղված, նրա շահերից չի բխում տարածաշրջանային համագործակցությունը, և ահա արդյունքում Հայաստանը տուժում է, կտրված լինելով տարածաշրջանից, իսկ դրանից նաև բոլորս ենք տուժում ու կորցնում»,- պատասխանեց Տորնիկե Շարաշենիձեն:








































