«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «մենթորական» է որակում ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի այն հայտարարությունը, թե Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ավելի լավ ինքնակազմակերպման և պետական շահերին վերաբերող հարցերի շուրջ ավելի միաձայն հանդես գալու կարիք ունի: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Խորհրդարանի խոսնակի՝ վերևից ներքև արված նմանօրինակ հայտարարությունները տոտալիտար ժամանակներից մնացած ռուդիմենտներ են: Իշխանությունն ու մասնավորապես Սամվել Նիկոյանը պետք է վաղուց հրաժարված լինեին այնպիսի արտահայտություններից, ինչպիսիք են, օրինակ, «իշխանությունը կարիք ունի կառուցողական ընդդիմության» կամ «միասնական քաղաքացիական հասարակության»: Իսկ քաղաքացիական հասարակությունն ու ընդդիմությունը կարիք չունե՞ն կառուցողական, նորմալ ու ավելի խղճով իշխանության: Բազմիցս ասել եմ՝ ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն ունենալու ավելի մեծ ձգտում Հայաստանում ունի հենց քաղաքացիական հասարակությունը: Նա արդեն իսկ իշխանությունների համար նախանձելի բազմաթիվ օրինակներ է ցուցադրել, մինչդեռ իշխանությունը չտեսնելու է տալիս դրանք»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:
Հարցին՝ իր կարծիքով, կայացման ո՞ր փուլում է հայաստանյան քաղաքացիական հասարակությունը, խորհրդարանականը նշեց. «Այն դեռահասության տարիքից անցում է կատարում դեպի պատանեկություն»:
Նշենք, որ «Մասնակցային ժողովրդավարություն. Քաղաքացիական հասարակության դերը» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ՀՀ խորհրդարանի խոսնակ Սամվել Նիկոյանը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ավելի լավ ինքնակազմակերպման և պետական շահերին վերաբերող հարցերի շուրջ ավելի միաձայն հանդես գալու կարիք ունի: Բացի այդ, Նիկոյանը նկատել է, որ ԱԺ-ն պետք է խորացնի քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը:









































